Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ իրավապահ մարմինները կարող են քրեական վարույթ նախաձեռնել, երկար ժամանակ ոչինչ չանել, մեկ էլ անհրաժեշտ պահի քրեական հետապնդում հարուցվի»․ Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 07,2023 16:00

«Իմ պատկերացմամբ՝ մենք սխալ իրավակիրարկման պրակտիկա ենք ձևավորում։ Այս գործը դրա վառ դրսևորումը կարող է լինել՝ հաշվի առնելով քրեական հետապնդում հարուցելու, քրեական վարույթ նախաձեռնելու ժամկետները»,-ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Արմինե Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ «Արմինե Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը։ Նշեմ նաև, որ Ադիբեկյանի երկու գրառումների առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2022թ. սեպտեմբերին։ Մեկ տարվա ընթացքում կատարվել է մեծածավալ և համակողմանի նախաքննություն, որի արդյունքում գրառումներից մեկով կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ մյուսով՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներ»։

Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս քրեական վարույթը նախաձեռնել էին դեռ 2022-ի սեպտեմբերին, բայց այս հարցին 2023-ի սեպտեմբերի վերջերին են անդրադարձել, երբ ՀՀ-ում որոշակի քաղաքական գործընթացներ կային․ «Չեմ պնդում, որ այստեղ առկա է կապ, ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ հետաքրքիր զուգադիպություն է»։

Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել․ «Լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում․ որևէ ապացուցողական գործողություն կատարվե՞լ է, թե՝ ոչ բացի մեղադրողի հարցաքննությունից։ Ութ ամսից ավելի ժամկետ կար ֆորմալ առումով։ Կարծում եմ՝ ցանկացած դատական դահլիճ այն տեղն է, որ այս հարցը պետք է բարձրացվի։ Ստացվում է, որ իրավապահ մարմինները կարող են քրեական վարույթ նախաձեռնել, մեր դեպքում տեղյակ էինք, բարեխիղճ քննիչ էր, բայց կարող են երկար ժամանակ ոչինչ չանել, մարդ ոչ մի բան չիմանա, մեկ էլ անհրաժեշտ պահի քրեական հետապնդում հարուցվի։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ խնդրում եմ ակտիվ իրավաբանություն դրսևորել, պաշտպանել ոչ թե մեղադրողի, այլ մարդու իրավունքները, և սրանով դատական իշխանության դերը ցույց տալ»։

Ըստ հանրային մեղադրող Արմեն Ռուստամյանի՝ միջնորդությունը հիմնավոր չէ, ենթակա է մերժման, քանի որ միջնորդության հիմքում դրված փաստարկները չեն բխում քրեական դատավարության օրենսգրքից․ «Օրենսգրքում հստակ սահմանված են, թե որ պահից են սկսվում հաշվել անձի քրեական հետապնդման ժամկետները։ Մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է 2023-ի սեպտեմբերի 29-ին, իսկ մեղադրյալին վերագրվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար ժամկետ նախատեսված է, և նկատի ունենալով, որ հոկտեմբերի 5-ին քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան, փաստենք, որ քրեական հետապնդման ժամկետները անցած չեն կարող լինել»։

Նախագահող դատավոր Արամայիս Ասատրյանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել։ Ռուբեն Մելիքյանը միջնորդեց վերացնել Արմինե Ադիբեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը․ «Առարկում եմ բացակայելու արգելքի դեմ, քանի որ այն ի սկզբանե կիրառված է եղել որպես գրավը մուծելը ապահովող խափանման միջոց։ Գրավը մուծվել է, դրա արդիականությունը կորել է»։

Նախագահող դատավորը միջնորդությունը մերժեց։

Հանրային մեղադրողը միջնորդություն ներկայացրեց տրամադրել ժամանակ ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց այն։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Ակնհայտ է, որ այս գրառումը Արմինեն է կատարել։ Մեկ տարի պահելու իմաստը ո՞րն էր։ Խափանման միջոցի մասով ես շատ տարակուսած եմ դատարանի այս որոշումից։ Ես նման բան չեմ տեսել, որ քննիչից առաջ գնա դատարանը։ Քննիչը բացակայելու արգելքը ընտրել էր զուտ գրավն ապահովելու համար, հիմա դատարանը դա դարձրեց ինքնուրույն խափանման միջոց։ Լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտություն կա, դատարանը չներկայացրեց։ Դա կարող էր աշխատել այն պայմաններում, երբ Արմինե Ադիբեկյանը մի վատ բան արած լիներ։ Ի վերջո` երկրից բացակայելու արգելքը աշխարհի վերջը չէ, այնպես չէ, որ ամեն պահի նա երկրից բացակայում է»։

Արմինե Ադիբեկյանն էլ ասաց՝ ինձ թվում էր, որ գործը պետք է կարճվեր, քանի որ «իմ՝ ոչ իրավաբան լինելու հայացքով տեսնում էի, որ գործ չկա, այնուամենայնիվ, դատարանը հակառակ որոշում կայացրեց, որին ստիպված ենք ենթարկվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930