ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցած ԵՊՀ-ն ներկայացնող 4 թիմեր գրանցեցին տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, կարևորելով նմանօրինակ միջոցառումները, շնորհավորեց կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերին՝ մաղթելով նորանոր հաջողություններ մրցույթի հաջորդ փուլերում. «ԵՊՀ-ն բարձր է գնահատում նմանօրինակ միջոցառումները, քանզի մեծ է ուսանողների դերը մեր երկրի վերաբերյալ պատկերացում կազմելու գործում։ Պատահական չէ, որ Հայաստանի մասին խոսելիս ասում են՝ այստեղ ապրում են մաթեմատիկական կուռ գիտելիքներով զինված մարդիկ»։
«ICPC» համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, ընդգծելով մրցույթի բարդությունն ու միջազգային նշանակությունը, ասաց, որ մասնակցությունը ևս մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն է։
Կարդացեք նաև
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ ծրագրավորման օլիմպիադայի թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը նշեց, որ մրցույթի քառորդ եզրափակիչ փուլին ԵՊՀ-ն ներկայացել է լավագույնս պատրաստված 11 թիմերով։
«ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին մասնակցում էին 31 մրցութային և 3 արտամրցութային թիմեր 9 համալսարաններից և դպրոցներից:
Նշենք, որ «ICPC»-ն ծրագրավորման ուսանողական միջազգային օլիմպիադա է, որին մասնակցում են շուրջ 3000 համալսարաններից ավելի քան 50 000 ուսանողներ։ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող այս հեղինակավոր մրցույթին ԵՊՀ- ն միացել է 2000 թվականից: ԵՊՀ թիմերին երեք անգամ հաջողվել է անցնել եզրափակիչ փուլ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ թիմը 2022 թ. ապրիլին «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում գրանցել էր աննախադեպ արդյունք՝ կիսաեզրափակիչ փուլում արժանանալով բրոնզե մեդալի:
ԵՊՀ