Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նոյեմբերի 8-ն իր աշխատանքային վերջին օրն է՝ որպես պրոռեկտոր, ու այդ առիթով համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց ասուլիս է հրավիրում, որպեսզի խոսի բարձրագույն կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների եւ Վ. Բրյուսովի պետական համալսարանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների մասին:
Aravot.am-ի հետ զրույցում պրոռեկտորը պարզաբանեց. «Սեպտեմբերի 19-ին, երբ տեղի ունեցավ Արցախյան ողբերգությունը, եւ նույն օրը ես որոշեցի գործադուլ ու դասադուլ կազմակերպել, գնացի Հանրապետության հրապարակ՝ կանգնելու իմ ուսանողների եւ գործընկերների կողքին: Աշխատանքից հետո, երեկոյան ժամը 7-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին բերման են ենթարկել աշխատանքի վայր եւ ստորագրել իմ ազատման հրամանը՝ նոյեմբերի 9-ից ազատել աշխատանքից: Վաղը փաստորեն իմ աշխատանքային վերջին օրն է»:
Ցոլակ Ակոպյանը հավելեց. «Ասուլիսում կխոսեմ բարձրագույն կրթության համակարգում առաջացած խնդիրների, Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսի՝ Բրյուսովում տեղի ունեցած իրադարձությունների մասին, օրինակ, թե ինչպես երկու ամիս խորհուրդ չկար եւ ուրբաթ օրը հաստատվեց խորհուրդը՝ իրենց սրտի Գյուրջինյանին ռեկտոր սարքելու համար»:
Ինչ վերաբերվում է իր ձեւակերպմամբ աղաղակող երեւույթներին, այս մասին էլ Ցոլակ Ակոպյանը նշեց. «Ինձ համար ամենամտահոգիչը այն էր, եթե հետեւել եք Արմեն Գրիգորյանի դատավարությանը, Ռուբեն Մելիքյանը մի լեզվաբանի մասին էր խոսում՝ Լալիկ Խաչատրյանի, որը եզրակացություն էր տվել Արմեն Գրիգորյանին դատապարտելու, որ նա իբր թշնամանք է տարածել: Հիմա այդ մարդը մեր՝ Բրյուսովի անվան համալսարանի խորհրդի անդամ է, եւ Գյուրջինյանի ընկերը: Մի խոսքով, պատրաստվում եմ խոսել բոլոր խնդիրների մասին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ցոլակ Ակոպյանի ֆեյսբուքյան էջից