Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնի ժողովրդավարության կողքին՝ ընդդեմ բռնապետության. Արուսյակ Ջուլհակյան

Նոյեմբեր 07,2023 13:48

Աթենքում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 35-րդ նստաշրջանում նոյեմբերի 6-ին  ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Պատերազմը ժողովրդավարության ամենավատ թշնամին է: Եվ մեր օրերում ժողովրդավարությունն անցնում է լրջագույն փորձությունների միջով համաշխարհային ցնցումների, աշխարհի տարբեր ծայրերում սանձազերծված պատերազմների պատճառով: Եվ հարց է ծագում՝ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն, թե՝ ոչ:

Իմ պատասխանը, այո է, աներկբա:

Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում փորձ էր արվում համոզել հանրությանը, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը բացառում են միմյանց, եւ անհնար է լինել միաժամանակ ուժեղ եւ ժողովրդավար պետություն: Ինչեւէ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը բավականին իմաստուն գտնվեց հասկանալու համար, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը, ժողովրդավարությունն ու հզորությունը չեն հակասում միմյանց: Դրանք փոխկապակցված են, եւ հնարավոր չէ լինել առողջ եւ ուժեղ բնակչություն ունեցող հզոր պետություն՝ առանց ժողովրդավարության:

Պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին իրեն բաժին հասած փորձություններից Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար:

Հարգելի՛ գործընկերներ, տարբեր հակամարտությունների վերլուծությունից իմ եզրակացությունն այն է, որ գլոբալ անվտանգության, խաղաղության բանալին ժողովրդավարությունն է:

Միայն ժողովրդավարությունն է, որ կարող է իրական խաղաղություն բերել, քանի որ ժողովրդավար պետությունները չեն պատերազմում միմյանց հետ, ժողովրդավար հասարակությունները չեն գեներացնում հակամարտություններ, նրանք լուծում են հակամարտությունները:

Բայց ժողովրդավարությունը չափազանց խոցելի է, երբ գործ է ունենում բռնապետությունների հետ, քանի որ բռնապետները հակված չեն պահելու միջազգային նորմերը: Նրանք չեն կատարում միջազգային դատական ատյանների դատական ակտերը, նրանք բացահայտ եւ լկտիաբար արհամարհում են աշխարհակարգը: Այս պատճառով ժողովրդավարական հասարակությունների համար շատ բարդ է հասնել խաղաղության ավտորիտար պետության հետ հակամարտություն ունենալու դեպքում:

Հետեւաբար քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնի ժողովրդավարության կողքին՝ ընդդեմ բռնապետության, հատկապես այդ ուղին նոր բռնած, զարգացող, երիտասարդ ժողովրդավարության:

Միջազգային հանրությունը պետք է ապացուցի ժողովրդավարության ուղին ընտրած հասարակություններին, որ խաղաղության ձգտումը ճիշտ է, մենք չպետք է թույլ տանք, որ բռնապետական ռեժիմները հասնեն իրենց նպատակին: Ժողովրդավարական հասարակությունները երբեմն մոլորեցվում են, հիասթափվում, կեղծ ազգայնական կամ այլ պահանջատիրական գաղափարները սկսում են դոմինանտ դառնալ այդ հասարակություններում, երբ վերջիններս տեսնում են, որ բռնապետությունների ջանքերը հաջողությամբ են պսակվում: Այս առումով միջազգային հանրությունը կարեւոր առաքելություն ունի: Մենք պետք է ապացուցենք ժողովրդավարական հասարակություններին, որ չնայած այն բանին, որ իրենց բռնած ուղին լի է բարդություններով, նրանք ունենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը:

Շնորհակալություն»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930