Լրահոս
Օրվա լրահոսը

27-ամյա երիտասարդի կողմից 35 մեքենայից, 9 բնակարանից գողությունների, խարդախության վարույթով նախաքննությունն ավարտվել է

Նոյեմբեր 07,2023 13:40

Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 27-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության մոտ երեք տասնյակ դեպք: Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիս-հուլիս ամիսներին հիշյալ երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, վարձակալելու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2021թ. տարբեր ամիսների 27-ամյա երիտասարդը հափշտակել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների մի շարք փողոցներում կայանված  «Լեքսուս», «Տոյոտա» և այլ մակնիշի 35 ավտոմեքենաների հայելիները:

Հիշյալ բնակարաններից և ավտոմեքենաներից երիտասարդի կողմից կատարված գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ:

Քննությամբ բացահայտվել են նաև հիշյալ երիտասարդի կողմից կատարված խարդախության դեպքեր: Մասնավորապես, սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով երկու քաղաքացիների հետ՝ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել նրանցից մեկի կողմից վաճառվող ոսկյա զարդերը մեկ այլ անձի անվամբ գրավ դնելու և գրավադրված զարդերի արժեքի չափով գումարը նրան վերադարձնելու, իսկ մյուսի կողմից վարձակալությամբ տրվող խաղային համակարգիչը վարձակալելու վերաբերյալ: 2020թ. մայիս ամսի տարբեր օրերի հանդիպելով հիշյալ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.002 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը և 260.000 ՀՀ դրամ արժողությամբ խաղային համակարգիչը և, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (9 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930