Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները կունենան զենք ու հատուկ միջոցներ, իրավունք կունենան կրակել. Գեղամ Նազարյանը մտահոգված է՝ աջուձախ չկրակեն

Նոյեմբեր 07,2023 13:28

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ` հարգելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը, որը հանկարծամահ է եղել:

Արա Մկրտչյան

Նիստում արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը ներկայացրեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կառավարությունն առաջարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում աշխատանքի ներգրավել ՏՏ ոլորտի, տնտեսագիտության, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների, ինչը կարող է լավացնել պայքարը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ:

Նախագծով սահմանվում են նաեւ հատուկ ուժ, ֆիզիկական ուժ, զենք կիրառելու հնարավորությունները:

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «21-րդ դարում, կներեք, էլի, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքը ոչ այնքան ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն է պահանջում, որքան համապատասխան գիտելիքների առկայություն: Մենք կկարողանանք ներգրավել հնարավորինս շատ մասնագետներ, որոնք օբյեկտիվորեն եւ շատ արդյունավետ եղանակով կկարողանան իրականացնել օպերատիվ հետախուզական աշխատանք»:

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց. «Նախագծում գրած է որոշ դեպքերում կարող են զենք կիրառել, բայց գրված չի՝ ում նկատմամբ: Ասենք, ո՞ւմ նկատմամբ կարող են կիրառել, պետք է նշեն՝ ով հետապնդվում է: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին թույլատրվում է կրել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ, նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում կրակել»:

Վլադիմիր Վարդանյանը միացավ Նազարյանին. «Իրոք, իրավաչափ հարց է, չասի՝ ես Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող եմ, կիրառում եմ զենք, լավ եմ անում»:

Արա Մկրտչյանը պատասխանեց. «Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաեւ օպերատիվ հետախուզություն, ամբողջությամբ իր գործիքակազմով հանցագործության բացահայտում է իրականացնում: Օպերատիվ հետախուզական աշխատանքի ընթացքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ կարող է հետապնդել զինված հանցագործին, խափանել հանցագործության կատարումը: Զենքի կիրառման կանոնները հստակ սահմանված են: Ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը, այլ նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցը զենք կարող է կիրառել միմիայն սահմանված կանոններով»:

Գեղամ Նազարյանն ասաց. «Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ պարեկներից մեկն էր զենք կիրառել ու մինչեւ հիմա չպարզվեց՝ ինքը իրավունք ունե՞ր կիրառել այդ դեպքում, թե՞ չէ: Ունենք դեպքեր, երբ անձին բերման են ենթարկում եւ ավտոմեքենայում ծեծի են ենթարկում: Ինքը իրավունք ունի՞ բերման ենթարկվածին, որը դիմադրության փորձ էլ չի անում, իր մանկության հետ որոշ խնդիրներ ունենալու պատճառով սկսում է հարվածել այդ մարդուն: Ո՞նց անենք, որ այն մարդը, որը կոչված է օրենքը պաշտպանի, օրենքը պաշտպանելու քողի տակ ֆիզիկական ուժ չկիրառի»:

Արա Մկրտչյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր մասնավոր դեպքի հետ կապված կարող է գնահատական տրվել միմիայն համապատասխան վարույթ հարուցելու եւ դրա եզրակացության հիման վրա. «Որեւէ դեպքում քաղաքացուն, անձին ծեծի ենթարկելու իրավունք որեւէ իրավապահ մարմին չունի: Ֆիզիկական ուժ կիրառելը այլ գործողություն է, ծեծի ենթարկելը՝ այլ գործողություն է»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Գեղամ Նազարյանը «ձեռնպահ» քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930