Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է տուժել Արագած Ախոյանի ենթադրյալ սպառնալիքի կոչից

Նոյեմբեր 07,2023 12:01

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը վստահեցնում է՝ կալանավորված նախկին պատգամավոր Արագած Ախոյանի գրառման մեջ, որի համար կալանավորել են, որեւէ սպառնալիք չկա. «Նախ չի երեւում՝ ում են սատկացնելու, բացի այդ՝ սատկացնել բառն էլ փոխաբերական իմաստ կարող է ունենալ՝ քաղաքական նշանակություն: Իսկ որ Նիկոլ Փաշինյանը մի հարյուր անգամ բեմերից իր համաքաղաքացիների վերաբերյալ հայտարարել է ՝ սատկացնելու ենք, պատեպատ ենք տալու, ասֆալտին ենք փռելու, չագուչով ենք գլխներին խփելու, էդտեղ ոչ մի սպառնալիք ու բռնության կոչ չկա, չէ՞, բայց երբ դու ասում ես թուրքին կսատկացնեմ, վե՛րջ, բռնության կոչով դատվում ես»:

Մեր դիտարկմանը, թե Արագած Ախոյանն իր գրառման մեջ նաեւ նշում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, Զաքարյանը շարունակեց. «Հա, դե պարզ է, տաբու են նշել: Ես էլ եմ ամբողջ օրն ասում, որ նիկոլիզմը պետք է արմատախիլ արվի, ոչնչացվի: Արագած Ախոյանի ասածը ոչ մի բռնության կոչ էլ չի պարունակում, կամ Ախոյանի այդ կոչից ո՞վ է տուժել, հստակ էլ չի, թե ում են ուղղված այդ ասածները: Փաշինյանի գնալուց հետո, թուրքերին պետք է սատկացնենք, չէ՞: Կարո՞ղ եմ ես նման կոչ անել, ոչ, գիտեք՝ ինչու, որովհետեւ կբռնեն ինձ, կասեն ազգամիջյան բռնության կոչ ես անում, մեր հարեւան, մեր սիրելի, մեր ախպեր, մեր քարդաշ թուրքերին սպանելու կոչ ես անում: Էն որ Ալիեւն ասում է՝ Երեւանը մերն է, էդ հեչ, բայց որ դու ասես Ալիեւին կսատկացնեմ, չեմ թողնի գա Երեւան, ձեզ այսօր Հայաստանում ավելի արագ կդատեն թուրքի հանդեպ բռնության կոչի համար: Կամ ամբողջ համացանցը լցված է Փաշինյանի կողմնակիցների սպառնալիքներով, թե պարոն Փաշինյան, ձեր ընդդիմախոսներին մեր ու մանուկ պիտի սենց անենք, դրանցից ո՞ր մեկին եք լսել բռնեն բռնության կոչի համար: Կամ ասում են՝ արցախցիներին պիտի մորթենք, մեկի անունը տվեք, որ Փաշինյանի ընդդիմախոսների, արցախցիների մասին նման կոչ է արել ու դատվել է, կամ բռնել են: Իսկ քանի՞ ընդդիմադիր է հայտնվել այսօր բանտերում: Խոսում ենք 37 թվականի ճնշումների մասին: Ու էն մարդիկ, որոնք այսօր տանը հանգիստ նստած մտածում են՝ լավ դե Ախոյանին բռնեցին, Զաքարյանին բռնեցին, Պողոսին բռնեցին, մեզ ինչ, ասեմ ձեզ, իրենց տուն էլ են գալու: Որովհետեւ 37 թվին, երբ մեկի տունը մտնում էին, հարեւանն ասում էր՝ դե մի բան արել է, որ բռնել են, բայց երբ իրեն էին գալիս տանում ու պատի տակ գնդակահարում որպես շպիոն, ինքը զարմացած չէր հավատում, ասում էր՝ ախր ես ոչ մի բան չեմ արել: Արցախցին, ստեփանակերտցին, որ հադրութցի իր եղբորը 2020 թվականից հետո իր գոմը Փարիզի գներով վարձով էր տալիս, չէր մտածում, չէ՞, որ գալու է Լոռու մարզի ինչ որ մի գյուղ ու զարմանա, որ Փարիզի գնով իրեն գոմ են վարձով տալիս, այդպես բոլորի առաջ գալու է իրենց արածները»:

Արշակ Զաքարյանն ու Արագած Ախոյանը՝ դատարանում

 

 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արագած Ախոյանը կալանավորվել է «2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի» համար։ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ մեջբերված է հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ… թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ… հետո» հաղորդագրությունում նշվում է, որ գրառմանը արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։

Իսկ ինչու են հինգ ամիս առաջ կատարած գրառման համար հիմա ազատությունից զրկում նախկին պատգամավորին, այս հարցին Արշակ Զաքարյանը պատասխանեց, որ հստակ հրահանգ է տեսնում իրենց՝ բոլորին կալանավորելու մասով. «Ընտրություններից հետո, երբ նորից իշխանությունը զավթեցին, դատավորները տեսան, որ էլի այս իշխանություններն են, էլի դարձան նույն «վնգստացողները» ու սկսեցին մեղմ հոդվածներով էլ կալանքի որոշումներ ընդունել»:

Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ 2021 թվականի հունվարի 28-ին այս իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ իրենց բողոքի ցույցի համար իր, Արագած Ախոյանի եւ եւս մի քանի հասարակական գործիչներին մեղադրանք է առաջադրվել ու արդեն երկու տարի է՝ դատաքննություն է գնում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչերի համար. «Մեզ՝ բոլորիս, դատում են իշխանությունը զավթելու փորձի համար: Մեզ այս գործով չկալանավորեցին, որովհետեւ ընտրություններից առաջ էր, մտածում էին՝ բան է փոխվելու, դատավորները մի քիչ ազատ էին գործում, բայց իշխանությունը նորից զավթելուց հետո, դատավորները տեսան, որ ոչ մի բան չփոխվեց, հիմա ավելի մեղմ հոդվածով Ախոյանին կալանավորեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930