Երեկ հայտնի դարձավ, որ իշխանություններն արցախցիների կարգավիճակի հետ կապված հարցում հստակության են հանգել եւ հաստատել են իրենց այն համոզմունքը, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն։ Ավելին՝ երեկ ոստիկանությունը հայտարարեց, որ արցախցիները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
Զրուցեցինք ՆԳՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ։
– Երբ արցախցիները ՀՀ քաղաքացիություն են ստանում, զրկվո՞ւմ են փախստականի կարգավիճակից, այդ երկու կարգավիճակներն ինչպե՞ս են միմյանց հետ հարաբերվում։
– Երկուսն էլ իրավական կարգավիճակներ են, որոնցով անձը կարող է ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Փախստականի կարգավիճակը տրված է Լեռնային Ղարաբաղից մոտ 150 հազար բնակիչների։ Եթե ցանկանում են քաղաքացիություն ստանալ, ապա փախստականի կարգավիճակից անցում են կատարում։ Սա աշխարհի պրակտիկան է, «նատուրալիզացիա» է կոչվում, որն ինտեգրման բարձրագույն աստիճանն է, երբ փախստականը դառնում է քաղաքացի եւ դադարում է լինել փախստական։
Կարդացեք նաև
– Այդ դեպքում արցախցիների՝ Արցախ հետվերադարձի հետ կապված հարցերն ինչպե՞ս են կարգավորվելու, չէ՞ որ այդ դեպքում արդեն Հայաստանում գրանցված ՀՀ քաղաքացու՝ Արցախ գնալու հարցն է քննարկվելու։
– Դուք ավելի բովանդակային հարց եք բարձրացնում, որը ճիշտ կլիներ ծառայության պետին ուղղեիք։ Կառավարության որոշումով, որով 3 կատեգորիաների թիրախ անձանց, փաստացի` Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը, տրվել է ժամանակավոր պաշտպանություն, նույնն է թե՝ փախստականի կարգավիճակ, դրանով ֆիքսվել են նրանց՝ բռնի տեղահանված լինելու փաստը եւ Ձեր կողմից նշված բոլոր իրավունքները։ Քաղաքացիություն ստանալը, հաշվառում փոխելը եւ այլ պրոցեսները չեն ջնջում ու չեղարկում իրենց՝ բռնի տեղահանված լինելը, գույք կորցրած լինելը, վերադարձի իրավունքն ու մնացած իրավունքները՝ իրենց տեղահանությունից բխող։ Դուք անձին անխզելիորեն կապված իրավունքների մասին եք բարձրաձայնում, այլ ոչ թե նրա իրավական կարգավիճակի։ Դա իր պատմությունն է, ոչ ոք չի կարող այն ջնջել ու փոխել։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: