Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի հետ անցած շաբաթ փակ քննարկմանը մասնակցած Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով Մարուքյանի հայտարարությանը, ակնկալում է, որ նա կհիմնավորի իր տեսակետը, թե ինչպես կարող է ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Նա հակառակն է պնդում` որ առանց Արցախի չի կարող գոյություն ունենալ ուժեղ եւ կենսունակ Հայաստան, եւ որ Արցախը, Հակոբյանի խոսքով, Հայաստանն ուժեղացնող գործոն է եւ ոչ թե հակառակը․ «Հայկական Արցախ կարող ենք ունենալ միմիայն այն դեպքում, երբ Հայաստանի հետ միասնական ճակատով հանդես գանք, բայց, ցավոք սրտի, մենք տեսանք, որ երբ կտրվեց Հայաստան-Արցախը կապը` դիվանագիտական մակարդակներում, վերջին շրջանում՝ նաեւ հողի վրա, մենք ուղղակի կորցրինք Արցախը, եւ այն թեզը, որ չի կարող գոյություն ունենալ հայկական Արցախ` առանց Հայաստանի եւ առանց Արցախի՝ ուժեղ Հայաստան, աքսիոմատիկ ճշմարտություն է: Դա մենք տեսանք գործնականում: Չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին ՀՀ հարց, կա մեկ ընդհանուր հայկական հարց»։
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը չպետք է լինի ինքնանպատակ, այն հստակ ծրագրի, ազգային տեսլականի բաղադրիչ պետք է լինի, որին պետք է համահայկական աջակցություն ցուցաբերվի․ «Ցավալի է, բայց այս հարցի շուրջ միասնական տեսակետ չկա` ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի իշխանությունների կողմից»։ Մեր դիտարկմանը, թե գուցե Արցախի քաղաքական իշխանությունն էլ նման մտահոգություններ ունի, որ այդ գործընթացը կարող է վնասել ՀՀ անվտանգությանը, Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական-հասարակական գործիչ պետք է առաջնորդվի այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ առանց Արցախ չենք կարող ունենալ ուժեղ Հայաստան, առաց Հայաստան՝ հայկական Արցախ»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: