Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խաղաղության պայմանագրով անդրադարձ չի արվում արցախցիների թեմային, այն կնքելու դեպքում փակվելու է հայկական Արցախի բազմահազարամյա էջը. «Փաստ»

Նոյեմբեր 07,2023 11:07

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը նախ ռազմական ագրեսիայի զոհ դարձավ, ապա հայաթափվեց։ Շատերը հատկապես գործող իշխանությունների պաշտոնավարման պարագայում ուղղակի անհավանական են համարում արցախցիների վերադարձի հարցի բարձրացումը։ Շեշտում ենք, ոչ թե վերադարձի հնարավորությունը, այլ այս իշխանությունների օրոք այդ հարցի բարձրացումը: Պատահական չէ, որ մերձիշխանական շրջանակներից հայտարարություններ են հնչում այն մասին, որ հնարավոր խաղաղության պայմանագրում արցախահայերի հնարավոր վերադարձի մասին խոսք չկա և չի կարող լինել։ Բայց եթե խաղաղության պայմանագրով կամ այլ փաստաթղթով անդրադարձ չի կատարվում արցախցիների թեմային, ապա դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ընդհանրապես փակվելու է հայկական Արցախի բազմահազարամյա էջը։

Եթե Պրահայում ընդունված հայտարարության արդյունքում Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրա արդյունքում փակվեց Արցախի ինքնորոշման թեման՝ վերածվելով ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության թեմայի, ապա սպասվող խաղաղության պայմանագրով փակվելու է նաև արցախահայության իրավունքների և անվտանգության թեման։ Այս պարագայում մասնավորաբար հարց է ծագում, թե ինչ է լինելու Հայաստանում գտնվող Արցախի կառավարության, խորհրդարանի և մյուս կառույցների հետ։ Միջանկյալ նշենք, որ Մայր Աթոռը օրերս որոշեց պահպանել Արցախի թեմը։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն տարբեր խողովակներով ակնարկում են այն մասին, որ ազգային անվտանգության համատեքստում սխալ է Հայաստանի տարածքում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, այդ թվում՝ նաև վտարանդի կառավարության տեսքով։

Ճիշտ է՝ եկեղեցին անջատված է պետությունից ու կարող է իր կառույցներին վերաբերող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց հետաքրքիր է, որ բազմաթիվ, հատկապես համահայկական շահերին վերաբերող թեմաներում եկեղեցու և այս իշխանությունների մոտեցումները գրեթե միշտ հակասում են։ Իշխանությունները ձգտում են մինչև վերջ տանել իրենց հակաարցախյան օրակարգը ու լուծարել նաև Արցախի կառույցները։ Այն հարցում, թե ինչ ճակատագիր պիտի ունենան Արցախի պետական ինստիտուտները, որոնք, ի դեպ, տարիներ շարունակ ավելի կայացած են եղել, քան նույն Ադրբեջանի համապատասխան ինստիտուտները, թե ինչքանով է նպատակահարմար կամ աննպատակահարմար արցախյան կառույցների պահպանումը, կան տարաբնույթ կարծիքներ։ Բայց դրանք հիմնականում վերաբերում են դրանց պահպանման եղանակներին՝ ի տարբերություն իշխանությունների, որոնք արմատապես դեմ են դրան: Հասկանալի է, որ այդ կառույցների պահպանումը նպատակահարմար է այն պարագայում, երբ դրանք խնդիր կլուծեն և ընդամենը ձևական նշանակություն չեն ձեռք բերի։ Նախ՝ նման կառույցները կարող են պետք գալ արցախահայության հետ աշխատանքները կոորդինացնելու և նրանց մեկ հարկի տակ հավաքելու տեսանկյունից։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930