Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո. «Փաստ»

Նոյեմբեր 07,2023 10:45

Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին օրերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը փաշինյանական ռեժիմի կողմից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ «բռնության կոչի» հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու մասին տեղեկությունն է: Պետք է նկատել, որ առանց այդ էլ Հայաստանի բանտերը լի են գործող ռեժիմի կողմից քրեական պատրվակներով փաստացի քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով: Ու չնայած Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, կալանավորված չէ, բայց նրա նկատմամբ ևս հետապնդման փորձը ինքնին հատկանշական երևույթ է: Եկեք փոքր-ինչ հանգամանորեն դիտարկենք այս՝ դեռ շարունակվելիք պատմության մի քանի առավել բնութագրական հանգամանքներ: Ամենից առաջինը. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, բոլոր հնարավոր առիթներով «աննախադեպ» ժողովրդավարությունից ճառելով, եվրոպական դահլիճներում ծափեր կորզելով հանդերձ, շարունակում է տիպիկ բռնատիրական գործելաոճը, այլախոհների նկատմամբ հետապնդումներն ու ռեպրեսիաները:

Ըստ էության, սա տիպիկ բռնատիրական ռեժիմ է, որի հիմնական հենարանը պարգևավճարվող իրավապահներն են, ավելի ստույգ՝ այդ համակարգի մի մասը: Սա՝ ընդհանուր առմամբ: Այժմ դիտարկենք մասնավոր հանգամանքները: Հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց Ավետիք Իշխանյանը: Այս օրերին տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ավետիք Իշխանյանին իրենց աջակցությունն արտահայտելուն զուգահեռ, նաև որոշակի կարծիքներ են հայտնել այդ «ինչու»-ի վերաբերյալ: Իսկ այդ «ինչու»-ի հնարավոր պատճառներն ակնհայտ են: Նախ՝ նկատենք, որ Ավետիք Իշխանյանին, անկախ ամենից, հնարավոր չէ կապել «նախկինների» հետ, քանի որ նա բավականին ակտիվ գործել է նաև նախկին իշխանությունների օրոք, բազմիցս հանդես է եկել սուր քննադատությամբ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր խնդիրների և կոնկրետ երևույթների հետ:

Բայց ողջ հարցն այն է, որ, ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո՝ ինչպես սոցցանցային հարթակում, այնպես էլ լրատվամիջոցներում: Այսինքն, Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն «նախկինում» «իրավապաշտպանություն անող» մի շարք ոչ անհայտ անձանց, չի դարձել «թավշյա» իշխանափոխության, առավել ևս՝ փաշինյանական իշխանության շահառու, այլ շարունակել է հանդես գալ հենց որպես իրավապաշտպան բառիս ամենաիսկական իմաստով: Ավելին, երբ փաշինյանական իշխանության բերած աղետներն ու ծանր հետևանքներն ակնհայտ դրսևորվեցին, նկատի ունենք 2020-ի պատերազմն ու հաջորդած իրադարձությունները, Ավետիք Իշխանյանը, որպես հայ մարդ, հստակ արտահայտեց իր դիրքորոշումը և վերաբերմունքը այդ ամենի հետ կապված և շարունակում է արտահայտել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930