Հետտրավմատիկ սթրեսային խանգարում․ երբ մարդն ինչ-որ արտակարգ իրավիճակում է հայտնվում՝ հոգեկան կամ ֆիզիկական տրավմայի ենթարկվելով, գլխուղեղի արձագանքը լինում է «փախիր կամ պայքարիր»։ Շատերի վրա այդ վիճակը մեծ հետևանքներ չի թողնում, սակայն որոշ մարդկանց մոտ կարող է հետտրավմատիկ սթրեսային խանգարում զարգանալ, որի պատճառով գլխուղեղի՝ զգացմունքների կառավարման համար պատասխանատու հատվածը՝ նշաձև մարմինը, դառնում է գերակտիվ։ Դա նվազեցնում է նախաճակատային կեղևի՝ որոշումների կայացման համար պատասխանատու հատվածի ակտիվությունը։ Դա նաև կարող է նվազեցնել հիպոկամպի չափսերը, հատվածի, որը պատասխանատու է հիշողությունների ձևավորման համար։
Դեպրեսիան նվազեցնում է գլխուղեղի որոշ հատվածների ակտիվությունը և կապված է բորբոքման հետ։ Դեպրեսիան միայն տրամադրության վրա չի ազդում, այլ նաև գլխուղեղի։ Ինչպես նշում են փորձագետները, դեպրեսիան նվազեցնում է գլխուղեղի որոշ հատվածների ակտիվությունը, այդ թվում՝ նախաճակատային կեղևի, որը կապված է դատողության, հիշողության հետ։ Երկարատև՝ 10 տարուց ավելի ձգվող դեպրեսիան, մի հետազոտության համաձայն, 30 տոկոսով մեծացնում է բորբոքումը, ինչը կարող է հանգեցնել գլխուղեղի բջիջների մահվան, այդպիսով՝ հիշողության խնդիրների ու թուլամտության զարգացման։
Կաթվածը կարող է ազդել գլխուղեղի գործառույթների վրա՝ կախված նրանից, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել։ Կաթվածն առաջանում է, երբ գլխուղեղի որևէ մի հատված արյուն չի ստանում։ Ախտանշանները կախված են լինում կաթվածի տեղակայումից, օրինակ, եթե դա տեղի է ունեցել գլխուղեղի ձախ կիսագնդում, ապա կարող է թուլություն ու թմրածություն առաջանալ մարմնի աջ կողմում, ինչպես նաև խոսքի խանգարում։ Եվ ընդհակառակը, աջ կիսագնդում առաջացած կաթվածը թուլություն ու թմրածություն է առաջացնում մարմնի ձախ կողմում։
Ալկոհոլի երկարատև չարաշահումը կարող է հանգեցնել գլխուղեղի վնասվածքների և անգամ կրճատման՝ առաջացնելով տեսողության, խոսքի խանգարումներ, հիշողության կորուստ։
Կարդացեք նաև
Որոշ փորձագետներ ասում են, որ ալկոհոլիզմով տառապող մարդկանց մոտ գլխուղեղի՝ սովորելու և հիշողության համար պատասխանատու հատվածը՝ հիպոկամպը, ավելի փոքր է, քանի նրանց մոտ, որոնք չունեն այդ խնդիրը։
Շիզոֆրենիան առաջացնում է գլխուղեղի գորշ ու սպիտակ նյութերի կորուստ։ Սպիտակ նյութը գտնվում է գլխուղեղի խորքում, որտեղ փոխանցվում է տեղեկատվությունը, այդ նյութը շրջապատված է գորշ նյութով, որը նպաստում է տեղեկատվության մշակմանը։ Շիզոֆրենիայով տառապող մարդկանց դեպքում սկզբում քայքայվում է գորշ նյութը, այնուհետև՝ սպիտակը։
Ալցհայմերի հիվանդությունը խախտում է նեյրոնների միջև կապերը։ Գլխուղեղում կան բջիջներ, որոնք կոչվում են նեյրոններ․ այդ նեյրոնները «խոսում են» միմյանց հետ քիմիական ու էլեկտրական ազդակների միջոցով՝ «հաղորդագրություններ» ուղարկելով մարմնի այլ հատվածներին։ Ալցհայմերի հիվանդությունը խախտում է այդ «շփումը»։ Համարվում է, որ այդ քայքայումը տեղի է ունենում ամիլոիդ և տաու սպիտակուցների կուտակումների արդյունքում։
Միգրենով տառապող մարդկանց նյարդերը շատ սուր են արձագանքում որոշ տրիգերների, օրինակ՝ պայծառ լույսի կամ սթրեսի նկատմամբ։ Դա ակտիվություն ալիք է ստեղծում, որը գլխուղեղի անոթների նեղացման պատճառ է դառնում՝ առաջացնելով գլխացավ և այլ ախտանշաններ։ Ժամանակի ընթացքում քրոնիկ միգրենը կարող է հանգեցնել գլխուղեղի գորշ ու սպիտակ նյութի կորստին։
Ուղեղի անևրիզման առաջացնում է զարկերակի պատի փքվածություն: Այն զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատն արտափքվում է՝ ձևավորելով արյունով լցված փոքրիկ պարկանման գոյացություն: Որոշ անևրիզմաներ կարող են արտահոսել կամ պատռվել՝ առաջացնելով ներուղեղային արյունահոսություն։ Ախտանշանները կարող են դրսևորվել գլխացավի, սրտխառնոցի, ցնցումների տեսքով՝ երբեմն կյանքին սպառնացող վիճակ ստեղծելով։
Ուղեղի ցնցումը գլխուղեղի տրավմա է, որը բորբոքում է առաջացնում և փոփոխում է նեյրոմեդիատորների մակարդակը։ Ուղեղի ցնցում կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով, օրինակ՝ ավտովթարի ժամանակ։ Ուղեղի ցնցումը խախտում է գլխուղեղի քիմիական նյութերի հավասարակշռությունը՝ վնաս հասցնելով նյարդային բջիջների աշխատանքին և բորբոքում առաջացնելով։ Գլխուղեղի ցնցումը սովորաբար ինքն իրեն ապաքինվում է, սակայն կարող է թողնել նաև երկարաժամկետ հետևանքներ։
Երկբևեռ խանգարմամբ տառապող մարդկանց գլխուղեղում կարող են փոփոխվել նեյրոմեդիատորների մակարդակները։ Այս խանգարման դեպքում առաջացող տրամադրության կտրուկ փոփոխությունները գիտնականները դեռևս ուսումնասիրում են, և դա կապում են նեյրոմեդիատորների անհավասարակշռության հետ։ Այդ քիմիական նյութերը տեղեկություններ են փոխանցում գլխուղեղի բջիջների միջով։ Դրանք մեծ դեր են խաղում տրամադրության, քնի և հիշողության հարցում, օրինակ նեյրոմեդիատոր նորադրենալինի չափից մեծ քանակությունը մոլուցք էառաջացնում, իսկ անբավարարությունը՝ դեպրեսիա։
Ցրված սկլերոզն իմունային գրոհներ է առաջացնում գլխուղեղի և ողնուղեղի նյարդերի վրա։ Մարմինը լեյկոցիտներ է ուղարկում նյարդերը մեկուսացնող նյութ հանդիսացող միելինը վնասելու համար։ Դա հանգեցնում է նյարդային վնասվածքների՝ խանգարելով դրանց միջոցով տեղեկությունների փոխանցման հնարավորությունը։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող մարդկանց գլխուղեղում ևս կան որոշակի տարբերություններ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս համախտանիշն ունեցող մարդկանց գլխուղեղում գորշ և սպիտակ նյութերի քանակն ավելի քիչ է։ Ինչպես նաև նյարդային բջիջների ցանցերն այլ կերպ են աշխատում։
Մեդիտացիան կապվում է գորշ նյութի աճի, բորբոքման նվազեցման ու նեյրոնների միջև կապի ամրապնդման հետ։ Մեդիտացիան ազատում է սթրեսից ու բարենպաստ է անդրադառնում հոգեկան առողջության վրա։
Ֆիզիկական վարժությունները մեծացնում են արյան հոսքը դեպի գլխուղեղ և կարող են բարելավել մտածողությունն ու հիշողությունը։ Արյունը գլխուղեղին է հասցնում թթվածին ու սննդանյութեր, խթանում սպիտակուցների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի բջիջների առողջության ու նորերի ձևավորման համար։ Ֆիզիկական վարժությունները նպաստում են գլխուղեղի այն հատվածների զարգացմանը, որոնք կարգավորում են մտածողությունն ու հիշողությունը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Քերոլ Տեր Սարգսյան