Մայր Աթոռը հայտարարում է, որ պահպանում է Արցախի թեմը, Արցախի կայացած ինստիտուտները շարունակում են քննարկումները՝ ինչ-որ բան փոխելու ակնկալիքով, իսկ պաշտոնյաներից մեկն ասում է՝ ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է․ «Պետական պաշտոնյաներն անընդհատ հայտարարում են, որ եթե մնա հետք Լեռնային Ղարաբաղից, ապա դա իրենից ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք: Իրականում այն, ինչ արել է ՀՀ իշխանությունը, կներեք, իր առաջնորդի գլխավորությամբ, պատմական առումով եղել է ամենամեծ հարվածն ազգային անվտանգությանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լինելիությունը գաղտնիք չի եղել Եվրախորհրդարանի համար: ԵՄ-ի 1999 թ. որոշման մեջ հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճիշտ այնպես է կայացել, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունները: Նա չի ճանաչվել ահաբեկչական միավոր, ինչպես հիմա ուզում է ցույց տալ Ադրբեջանը:
2013 թ.-ին Արևել յան գործընկերություն ծրագրի ներքո իրականացվող նիստերից մեկի ժամանակ Մեծ Բրիտանիայից պատգամավոր Չարլզ Թանոքն Ադրբեջանի պատգամավորի հարցին, թե ինչու են քննարկվող որոշման մեջ Ռուսաստանին մեղադրում Աբխազիան և Օսեթիան օկուպացնելու մեջ, բայց չեն խոսում Հայաստանի մասին, որը նույնն է արել ԼՂՀ-ի հետ, պատասխանել է. «Բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ տարածքները գտնվում են կոնստրուկտիվ անորոշության կարգավիճակում, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մեջ: Չունենք այդպիսի պարզ դիրքորոշում այն մասին, թե Ղարաբաղը օկուպացված տարածք է, և մյուս կողմից՝ այնտեղ շատ քիչ մարդ կա, որ չունի ՀՀ քաղաքացիություն»:
10 տարի առաջ նման ընկալում է եղել, այդտեղ հստակ մերժում են, որ Հայաստանն օկուպացրել է Արցախի Հանրապետությունը: Այս անձը, որն իրեն ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության ղեկավար, չունենալով պատմական, իրավաբանական, իրավական և իրական որևէ հիմք, հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ դրա ներքո հասկանալով միայն ու միայն ԼՂԻՄ-ը, ոչ թե նրա շուրջ տարածքները, որպես Ադրբեջանի տարածք: Հիշեցնեմ՝ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ին ընդունված որոշումով նման փաստաթղթի ստորագրումն արգելված է: Այդպիսի հայտարարությունը հակասում է 1995 թ.ին ընդունված Սահմանադրությանը: 2020 թ.-ին չստացվեց Արցախը բռնակցել Ադրբեջանին, նետել ցեղասպան Ադրբեջանի և Թուրքիայի երախը, դա արեց երեք տարվա ընթացքում ու մաս-մաս: Դրանով իսկ նա արդարացում չունի: Ադրբեջանը զրկանքների է ենթարկել արցախահայությանը, հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այդ զրկանքների ճանապարհը»,-շեշտում է ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում