Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարության փարոսի» առանձնահատկությունները

Նոյեմբեր 07,2023 10:00

Հայաստանյան իշխանությունները, նրանց կողմնակիցները, այդ թվում՝ նրանց համակիր հ/կ-ները պնդում են, որ մեր երկրում ոչ մեկին քաղաքական պատճառներով չեն հետապնդում: Ես մասամբ դրա հետ համաձայն եմ: Եթե քաղաքականության տակ հասկանանք պայքար իշխանության համար, ապա (թող ոչ ոք չնեղանա) կարծում եմ, որ ոչ մի ընդդիմադիր, ոչ մի քաղաքական կամ հասարակական գործիչ այս պահին իշխանության համար լուրջ վտանգ չի ներկայացնում: Հետապնդումներն ավելի շուտ անձնական վրեժխնդրության տպավորություն են թողնում:

Քանի որ մեր իշխանությունների եւ, մասնավորապես, վարչապետի աշխարհընկալման հիմնական աղբյուրը Ֆեյսբուքն է, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան են Փաշինյանը եւ նրա մոտակա շրջապատն իրենց խոցված համարում այս կամ այն գրառումից կամ ելույթից: Օրինակ, Արմեն Աշոտյանն, ըստ ամենայնի, կարողացել էր իր ելույթներով խոցել Փաշինյանի սնապարծությունը, եւ վերջինս համապատասխան ցուցում է տվել իր գրպանում գտնվող ռեպրեսիվ ապարատին: Կամ՝ չի հաջողվում ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին (այդ նույն ռեպրեսիվ ապարատի պրոֆեսիոնալիզմի բացակայության կամ Պուտինի միջնորդության պատճառով), ուրեմն, կարելի է փորձել մուռ հանել Լեւոն Քոչարյանից: Ի դեպ, վերոհիշյալ ապարատի մեջ մտնում են նաեւ «բարեփոխված» դատարանները:

Ուրիշ հարց, որ այդ հետապնդումները, թեեւ բառիս ստույգ իմաստով, քաղաքական չեն, դրանք, մյուս կողմից, որեւէ կապ չունեն օրինականության եւ ժողովրդավարության հետ: Ի՞նչ է նշանակում, օրինակ, «շեֆի» ակնհայտ հրահանգով Ֆեյսբուքում «վտանգավոր» գրառումներ ընտրողաբար պեղելը եւ դրանց առիթով քրեական հետապնդում սկսելը: Սոցցանցերի հայկական հատվածում ամեն օր հազարավոր հայհոյանքներ եւ սպառնալիքներ են հրապարակվում: Բայց երբ հայհոյում են, վիրավորում են, սպառնում են իշխանության կողմնակիցները, դա համարվում է միանգամայն բնականոն: Իսկ երբ Ավետիք Իշխանյանն է գրում «մա՛հ դավաճաններին», դա հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

…Հայաստանն Արեւմուտքում, կարծես թե, համարում են «ժողովրդավարության փարոս»: Բայց ոչ՝ իրականում չեն համարում: Պարզապես հայտարարում են, հռչակում են: Հավանաբար, ինչ-որ բան Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այնտեղ դուր է գալիս: Վաղը՝ երբ դուր չգա, կհռչակեն «բռնապետության բաստիոն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ․ Գ․ Ավետիք Իշխանյանի հետ այս լուսանկարը հրապարակել էր նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ մակագրելով․ «Փառք դավաճաններին (Իշխանահաճո տրամադրություն)»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930