Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ. «Փաստինֆո»

Նոյեմբեր 06,2023 23:59

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ՝ պատերազմական հանցավորությունների համար, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների սպանությունների, խոշտանգումների քանի դեպք է արձանագրվել և արդյո՞ք այդ դրվագներով ևս որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է։

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբագրության հեղ․ ) 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ահաբեկչության), 217․1 -րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության ֆինանսավորման), 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը), 389-րդ հոդվածի (Միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց սպանության և խոշտանգման), 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (վերոնշյալ անձանց առողջությանը վնաս պատճառելը և գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը), 390-րդ հոդվածի 3-րդ մասի (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանների հավաքագրումը) 397,1-րդ հոդվածի 1-ին մասի (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական վարույթի նախաքննությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից՝ նշելով, որ նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ շուրջ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930