Իտալիայի Տերրասինի քաղաքում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որի տարիքային երկու խմբերում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանն ու Աշոտ Նադանյանը։
Հայկական շախմատի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ռաֆայել Վահանյանը մասնակցում էր ավագ վետերանների՝ 65-ից բարձր տարիք ունեցողներ, առաջնությանը։ Եզրափակիչ տուրում մեր գրոսմայստերը ոչ-ոքի է արել գերմանացի Ռեյներ Կնաակի հետ եւ 8,0 միավորով պայքարն ավարտել 6-րդ տեղում։ Վահանյանը ընդամենը կես միավոր է զիջել հաղթողին։ Այսինքն, առավելության հասնելու դեպքում տեղ կզբաղեցներ մրցանակակիրների շարքում։
50 տարեկանից բարձր տարիք ունեցողների առաջնությունում Արտաշես Մինասյանը 7,0 միավորով զբաղեցրել է 14-րդ, իսկ Աշոտ Նադանյանը՝ 6,5 միավորով՝ 21-րդ հորիզոնականը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ