ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» եզրույթի մասին՝ ասաց, որ համեմատաբար տարեց մարդիկ կհիշեն, որ առաջին նախագահի ժամանակ էր դա քարոզելու շատ փորձ արվում։
«Հիմա դա վերակենդանացվում է նոր երանգներով։ Սակայն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դա փաստացիորեն իրականություն դառնալ չի կարող այն պարզ պատճառով, որ այդ հասարակ հաղորդակցման ուղիների բացման գործընթացը թուրքական եւ ադրբեջանական կողմից պարուրվում է նախապայմանների մի ամբողջ շարքով, որոնք իրենց հետ բերում են անվտանգային հսկայական ռիսկեր։
Իսկ եթե 1994 թվականից հետո մենք տարածքային առումով շատ ավելի լավ վիճակում էինք, ապա այսօր մենք անհամեմատ ավելի խոցելի ենք։ Այդ առումով այս խաչմերուկ կոչվածը մեզ ոչ թե դարձնելու է այդ տարանցիկ ճանապարհից՝ տրանզիտ ճանապարհներից, հաղորդակցությունից օգուտ քաղող երկիր, այլ այդ նախապայմանների կատարումը մեզ ուղղակի դարձնելու է ոտատակի լաթ։ Այդ խաչմերուկով անցուդարձ են անելու թուրքական եւ ադրբեջանական շերտերը։ Ոչ մեկի համար կասկած չի հարուցում, որ ադրբեջանական շուկան մեր համար առանձնապես գրավիչ դաշտ չէ, որը կարող է տնտեսական մեծ օգուտներ տալ։ Նրանք նավթային դոտացիաների մեխանիզմներով կփորձեն խեղդել մեր տնտեսությունը։ Դա կանի նաեւ թուրքական կողմը։
Այս պարագայում կեղծ խոստումները, թե թուրքական շուկան կբացվի մեր առաջ, հանրության աչքին քող քաշելու հերթական տարրն են, որպեսզի փորձեն հանրության համաձայնությունը ստանալ հերթական զիջումների միջոցով գնալու ապաշրջափակում կոչվածին։ Եվ ինչպես շատ ճիշտ նկատել է փորձագետներից մեկը, մենք ոչ թե ապաշրջափակվելու ենք, այլ եռակի ենք շրջափակվելու քանի որ մինչեւ օրս մենք թուրքական ազդեցությունից զերծ ենք մնացել»,- ասաց տիկին Աղաջանյանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ, այսպես կոչված, Մեղրիի երկաթուղու բացումը եւս տնտեսական առումով Հայաստանին օգուտ չի տալու։ «Սա ուղղակի քաղաքական շահեր է հետապնդում, ինչի մասին թուրքական կողմը վերջերս բացեիբաց հայտարարեց հենց թուրքալեզու երկրների համաժողվում իր, եթե չեմ սխալվում, տրանսպորտի նախարարի շուրթերով, որը հայտարարեց․ դա թուրքական աշխարհը կապելու համար շատ կարեւոր ճանապարհ է։
Այսինքն, սա ոչ թե տնտեսական ճանապարհ է, այլ թուրքական աշխարհը իրար կապելու, թարգմանեմ, պանթուրանական ծրագիրն իրականություն դարձնելուն ուղղված քայլ։ Իսկ թե ինչի են մեր իշխանությունները գնացել քննարկմանն անգամ, էլ չեմ ասում համաձայնությանը, դրանք արդեն հարցադրումներ են, որոնց պատասխանը, հուսամ, մենք ոչ հեռավոր ապագայում իրենց կուղղենք արդեն այլ կարգավիճակում։ Եթե իհարկե, մեր ժողովուրդը կարողանա խելքի գալ, ի մի գալ եւ կանգնեցնի այս ազգակործան ձեռքը, որը մեր պետությունը տանում է վերջնական կործանման»,-նշեց Ձյունիկ Աղաջանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ