Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդմոն Մարուքյանի ասածները Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականության հետեւանքն են». Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 06,2023 20:40

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը զարմացած չէ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: «Նիկոլի հատուկ դեսպանի ասածներում որեւէ զարմանալի բան չկա, որովհետեւ այս խմբակը՝ Նիկոլի գլխավորությամբ, իշխանության է բերվել արցախյան գործոնն իսպառ վերացնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Զարմացեք, եթե Նիկոլ Փաշինյանը կամ իր հատուկ դեսպանները, իր այլ թիմակիցներ, արցախահաճո, հայաստանահաճո, հայ ժողովրդի շահերից բխող որոշում կայացնեն: Իրենք 2018 թվականին բերվել են իշխանության՝ Արցախի էջը փակելու, Հայաստանն էլ դնելու թուրքական տիրապետության տակ, Էրմենիստան սարքելու համար, ինչն էլ անում են: Այս մարդիկ դրա համար են փող ստանում»:

Հիշեցնենք, օրերս, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, 24news-ի, «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ, պատասխանելով Արցախի պետական ինստիտուտների գործունեության հնարավորությունների մասին հարցին, հայտարարել էր. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»:

«Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է քո շեֆ Նիկոլ Փաշինյանն ու իր ողջ խմբակը»,- դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին տարածաշրջան, այդ թվում նաեւ Հայաստան այցելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությունը, որ պատմական կաղապարներից պետք է հրաժարվել. «Գործող իշխանության համար հայկական Արցախը, հայկական Շուշին, արցախյան հաղթանակն ազգային անվտանգության խնդիր է: Վաղն էլ՝ ցեղասպանության մասին խոսելն են ազգային անվտանգության սպառնալիք համարելու, մյուս օրը՝ Մասիս սարը՝ Հայաստանի զինանշանի վրա, էն մյուս օրն էլ՝ հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը: Եթե ԿԳՄՍ-ն, պատմության դասագրքերի հեղինակները կամ դրանց ղեկավարները Ուրարտուն հայկական չեն համարում, Ադրբեջանը համարում են Հայաստանի հազարամյա հարեւան. սրանցից էլ ի՞նչ ենք ուզում»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրից, «Արցախի հանրապետություն» բառակապակցությունից հանել էր «հանրապետություն» բառը, իսկ Հայաստանի հանրապետության նպատակների հատվածից հանել էր «հայապահպանություն» բառը: «Այսինքն, իրենք անում են այն, ինչ պետք է անեն: Էդմոն Մարուքյանի ասածները Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականության հետեւանքն են: Ու դեռ ավելի վատ բաների սպասեք, եթե այս մարդիկ մնան իշխանության ղեկին»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930