Այսօր հանկարծամահ է եղել դերասանուհի, ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը։ Նա ծնվել է 1943 թվականին։
Նա Գյումրու վառ անհատականություններից էր, երկար տարիներ գլխավորել է Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, կրթել սերունդների։
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանի ամուսինն էլ մահացել էր մի քանի օր առաջ։
Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ նա կամավորական աշխատանքներ էր կատարում իր հիմնադրած կենտրոնում, սաների հետ տիկնիկային ներկայացումներ էր պատրաստում, պիես էր գրել, որի հիման վրա էլ պիտի ցուցադրեին բեմադրությունը։
Կարդացեք նաև
Տիկին Մկրտչյանը նաև փոխանցեց, որ վերջերս լույս էր տեսել Սիրանուշ Ղուկասյանի՝ «Ճամփեքս ձյունոտ» վերնագրով գիրքը, պատրաստվում էր շնորհանդեսին։
«Նոյեմբերի 14-ին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում իմ ցուցահանդեսի բացումն է, Սիրանուշին խնդրել էի, որ գար, ելույթ ունենար։ Չկար այդպիսի հետաքրքիր միջոցառում, որ Սիրանուշը չվարեր, նա խոսքաշեն կին էր, հանպատրաստից վարում էր, ամբողջ օրը գրադարաններում էր։
Ինձ համար ծանր կորուստ է, ես կորցրեցի արվեստակից ընկերոջս, Գյումրին կորցրեց իր վառ անհատականություններից մեկին։ Նա մեծ դերակատարություն է ունեցել իր քաղաքի մշակույթի զարգացման գործում»,-ասաց Սուսաննա Մկրտչյանը։
Վերջինս նաև հիշեց, թե ինչպես Սիրանուշ Ղուկասյանն Արցախի շրջափակման ժամանակ շատ հաճախակի ասում էր, որ պիտի հագնի սպիտակ շորեր ու ոտքով գնա Արցախ։
«Թող մեկը համարձակվի ինձ կանգնեցնել»,-հայտարարում էր Սիրանուշ Ղուկասյանը։
2018 թվականին բեմում իր գործունեության 50-ամյակը նշելիս՝ Սիրանուշ Ղուկասյանն ասել էր․«Ես աշխարհում ծնվել էի միայն մայր լինելու համար, բայց մայր եղա նաև թատրոնում»։
Գյումրեցիները սոցիալական ցանցերում տարածում են նրա լուսանկարները՝ սգալով նրա մահը, գրելով, որ մի վառ գույն պակասեց Գյումրիից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հազար ափսոս, դեռեվս ուսանող ժամանակից գիտեի Սիրանուշին, երբ Մխիթար Սպարապետում խաղում էր Գոհարի դերը։ Հիշում եմ այն տեսարանը, որը շուրջ 60 տ առաջ էր։
Երբ Գոհարը գնաց Մխիթարի մոտ, զայրույթով նրան անվանելով դավաճան, իսկ հետո աղաչեց գնալ Բեկի մոտ։ Եվ ե՛ս էի ուսանող , եվ Նա ։ Հետո, արդեն հանդիպումս Գյումրիում եղավ։ Անմեղ հոգի էր։