Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Տարել հատուկ Արցախը տվել են թշնամուն, ու դեռ մարդ կա, որ ասում է, թե Արցախը Պուտինն է տվել»

Նոյեմբեր 06,2023 17:32

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր՝ Շուշիի բռնազավթման օրը, Հայելի ակումբի ուղիղ եթերում հիշեցրեց, որ 2020 թվականի այս օրը Շուշին արդեն եղել է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ: «Այդ մասին ավելի ուշ ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նոյեմբերի 6-ի դրությամբ հայկական ուժերն այլեւս որեւէ վերահսկողություն Շուշիի նկատմամբ չունեին: Բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքում մի գրառում էր կատարել տեքստով, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են: Իսկ վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ինքն արդեն ստորագրել է հայտարարության մի տարբերակ, որը Ադրբեջանն է հրաժարվել ստորագրել եւ իրավիճակը ժամ առ ժամ փոխվում էր ի վնաս մեզ: Այսինքն, տալուց բացի նաեւ խաբել է, որովհետեւ ինքը գիտի չէ՞, որ նոյեմբերի 6-ին հայկական զինված ուժերը Շուշիի նկատմամբ վերահսկողությունը կորցրել են: Պետության ղեկավար է, ո՞նց կարող է չիմանալ: Հետո խոստովանել է:

Բա ռուսական ուղղաթիռը Երասխում ե՞րբ խոցվեց: Ժամը 17:30-ին: Ուղղաթիռը ռուսական զորամիավորմանը ուղեկցում էր դեպի Ղարաբաղ: Եթե նրանք Գյումրիից Երասխ հասել են ժամը 17:30-ին, նշանակում է մեկ օր առաջ արդեն դուրս եկած են եղել: Հետեւաբար, ինքը առավոտյան ստորագրել է, որ արդեն վերջ, հրադադարի ռեժիմ է, Արցախը հանձնված է, իսկ երեկոյան գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Ես հիմա հարցնում եմ. ինչի՞ համար էին մարտերը շարունակվում, եթե 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը Ադրբեջանի կազմում էր, ինչպես հիմա ինքն է հայտարարում»,-ասաց նա:

Եթերում խիստ մտահոգություն հայտնվեց, որ նույն բանը նույն ձեռագրով կարող է կատարվել նաեւ Հայաստանի, Երեւանի հետ: «Աշխարհում դեռ չի եղել մայրաքաղաքի հանձնում, որի նախագահական պալատում գորգերը փռած, վարագույրները կախած, դրոշն էլ փռած լինի թշնամու ղեկավարի ոտքերի տակ: Սա բացառիկ դեպք է: Հիմա ի՞նչ տարբերություն. մի մայրաքաղաք Ստեփանակերտն էր, մի մայրաքաղաք էլ Երեւանն է: Ու դուք մտածում եք, որ Ստեփանակերտն այսպես հեշտ հանձնող, այսքան ճակատագրեր խեղած մարդը Երեւանը չի հանձնի՞: Մարդը, որը պատերազմի օրերին «սիրելի» ժողովրդին ասել է՝ սա մեր նոր Սարդարապատն է, մի սպասեք զինկոմիսարիատների ծանուցագրին, կանանց ասում էր, որ իրենց ամուսիններին ճամփեն մարտադաշտ, իրենցից հետո դուք էլ «Էրատո» ջոկատի օրինակով գնացեք հայրենիքը պաշտպանելու, իսկ հետո ասում թե այդ հայրենիքը, որը պաշտպանելու ձեզ էի ուղարկում, սովետական հանրագիտարանը գրել է, որ դա Ադրբեջան է»:

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած գործընթացներին՝ Էդգար Ղազարյանը հիշեցրեց այն ժամանակ ԱՄՆ դեսպանի արած հայտարարությունը, ըստ որի՝ հիմա պետք է վերականգնել Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում բանակցային գործընթացը եւ առաջնային համարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը: «Այսինքն` բանակցությունները պետք է շարունակվեին: Իսկ ինքը բանակցությո՞ւն է շարունակել: Տարել հատուկ Արցախը տվել են թշնամուն, ու դեռ մարդ կա, որ ասում է, թե Արցախը Պուտինն է տվել»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930