Հայությանը իր կենսատարածքի վրա հետապնդող ցեղասպանությունը պետք էր զսպել, չենք զսպել 1915-1923 թվականներին, չենք զսպել 1948-69 թվականներին, չենք զսպել 1988-1992 թվականներին, չենք զսպել ոչ էլ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում, ու մեր դեմ ընթացող ցեղասպանության առաջխաղացումը 2004, 2015, 2016, 2020-2023 թվականներին ամբողջովին մնում է Երրորդ հայկական հանրապետության իշխանական, դրա ռազմաքաղաքական վերնախավի պատասխանատվության վրա:
Վերջին հարյուրամյակում հայությունը ցեղասպանությունը զսպել ու նետել է իր որջ միայն 1991-1994 թվականներին:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի ողջ գործունեությունը միտված է եղել Արևելյան Այսրկովկասում հայության դեմ տարվող ցեղասպանության կասեցման խնդիրներին: Բազում նամակները, կոչերը թե ՀՀ նախագահներին, ՀՀ վարչապետներին, ՀՀ ԱԺ-ին, ՀՀ ԳԱԱ-ին ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը եղել են միայն այդ թեմայի շուրջ ու միայն այդ թեմային առնչվող:
Արցախի հայաթափումը լրացուցիչ անգամ բացահայտեց հայկական պետականության թույլ կողմերը, բացահայտեց, որ այն այսօր ի զորու չէ զսպելու ցեղասպանությունը: Տարօրինակ է չէ՞, ո՞նց ենք զսպել 1991-1994 թվականներին, իսկ 2015-2023 թվականներին՝ ո’չ, երբ Երրորդ հանրապետությունը երեսուն տարիներ կայացման ընթացք էր ապրել:
Կարդացեք նաև
Ես՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, իմ ողջ գործունեությունը տարել եմ ցեղասպանության զսպման համար մղված ինքնապաշտպանության ուսումնասիրմանը, ու իմ հեղինակային «Փափուկ ուժ» հաղորդաշարի միակ ու հիմնական նպատակը միշտ եղել է ինքնապաշտպանության միջոցով ցեղասպանության զսպան դրվագների բացահայտումը 1988-1992 թվականներին Գանձակ/Կիրովաբադում, Գարդմանքում, Գետաշենում, Շահումյանում, Բաքվում, Շիրվանում, Սումգայիթում, Նախիջևանում, Շուշիում, Հադրութում, 1991-1994 թվականներին Իվանյանում, Շուշիում, Ակնում, Քարվաճառում, Քաշաթաղում, Ջրականում, Վարանդայում:
Ու ես ավելի քան վստահ եմ, որ նույնիսկ, եթե մի օր ունենանք ամուր, գրագետ, կրթված ու հզոր հայկական բանակ, ապա դրա հիմքերում ու դրա կողքին պետք է կանգնած լինի ինքնապաշտպանության արվեստին տիրապետող հայ հանրությունը: Սա է ցեղասպանության կասեցման միակ ու վստահելի ճանապարհը, մնացածը՝ դավադիր ու ցեղասպան ախոյանի պլանների մաս է:
Ես, որպես Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, այսօր կանգնած եմ ռազմամարզական հասարակական կազմակերպությունների կողքին, և վստահ եմ, որ միայն պետական համակարգի կողմից տարվող ճկուն ու շրջահայաց քաղաքականությունը, համագործակցության մղումը հասարակական կազմակերպությունների հետ կամրացնի մեր պետությունն ու դրա դիմադրողականությունը, և միահամուռ ուժերով հետ կշպրտենք մեր Երկրի վրա կախված ցեղասպանության վտանգը:
Այսօր հայությունը իր կենսատարածքի վերջին բեկորի վրա ավելի քան վտանգված է: Պետության ողջ ներուժը պետք է միտված լինի միաբանմանն ու հայության ինքնապաշտպանությանը: Սա կենսական պահանջ է:
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող