Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեր դաշինքի առաջնորդի խնամին Թումանյան համայնքում 10 գյուղի ճանապարհի տենդերը շահել է ու չի անում աշխատանքը». Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին

Նոյեմբեր 06,2023 16:03

Այսօր ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերը, որով առաջարկվում է երկարաձգել հին նմուշի անձնագրերը կենսաչափական անձնագրերով փոխարինելու ժամկետը: Ընդ որում, նոր ժամկետ չեն էլ նշում՝ միայն ասում են, որ մրցույթ կհայտարարեն, պարզ կլինի:

Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դժգոհեց. «Ամեն օր նույն վիճակն է: ՊՆ փոխնախարարն ասում է՝ գիտեք, զինվորական հագուստը չենք փոխել, որովհետեւ տենդեր հայտարարել ենք, տենդերը չի կայացել: Օրերս տեղեկացա Սյունիքում եղած համայնքային միջոցներով խմելու ջրի ջրագիծը այս տարի չեն սարքել, որովհետեւ ասում են՝ տենդերը չի կայացել: Լավ, ի վերջո դուք պատասխանատուն եք, դուք ունենում եք երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ ծրագրեր»:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Լինում են դեպքեր, երբ տենդերը չի կայանում: Պետությունն ասում է՝ փողը տամ, այսինչ ծրագիրն իրականացրեք, տենդերը չի լինում, չեն մասնակցում: Ավելին ասեմ՝ լինում են դեպքեր, երբ տենդերը կայանում է, տենդերը հաղթում են, օրինակ, վերջերս ձեր դաշինքի առաջնորդի խնամին Թումանյան համայնքում… Պարո՛ն Մանուկյան, Սյունիքի մարզի ջրագիծը կարեւոր է, Թումանյան համայնքի 10 գյուղի ճանապարհը կարեւո՞ր չի: Թումանյան համայնքում 10 համայնքի տենդերը շահել է ու չի անում այդ աշխատանքը, այո՛, խնդիր է: Լինում է, որ մի հրատապ հարց է լինում լուծելու, մեկ անձից է գնումը լինում, որպեսզի արագ լինի, այդ ամեն ինչի միջով չանցնենք, մեկ անձից գնման դեպքում էլ ձեր գործընկերները խորհրդարանի դահլիճում ինչ ասես ասում են»:

Ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, Ալեքսանյանն ասաց. «Այնտեղ ինչ-որ չիպեր են պետք, ուզենք թե չուզենք՝ պիտի մասնավորի հետ համագործակցենք, որովհետեւ Հայաստանը չիպեր չի արտադրում, եթե, իհարկե, չիպերի գործարան չեք սարքել ժամանակին»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930