ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան:
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:
Կարդացեք նաև
Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝
զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center – JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):