Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան Նիկոլ, վստահ եղիր՝ քո հետևից 5, 10 հոգով չենք գալու, այլ տասնյակ հազարավոր հայ մարդկանցով»․ Ժիրայր Սեֆիլյան

Նոյեմբեր 06,2023 15:42

«Փաշինյան Նիկոլ, վստահ եղիր, որ մենք քո հետևից հինգ, տասը հոգով չենք գալու, այլ գալու ենք տասնյակ հազարավոր հայ մարդկանցով»,-Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա այսօր առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ:

Նա վստահեցրեց՝ Բևեռն իր քաղաքական, հրապարակային գործունեությամբ իր անելիքների մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում է։

Հիշեցնենք՝ ահաբեկչությունը կանխելու մասին՝ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ շոշափվում էր նաև ԱԺԲ-ի անունը։

Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ Բևեռը ևս պարբերաբար խոսել է հանցագործներին պատժելուն մասին։ Կրկին դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Խոսքը վերաբերում է քեզ, թե մեր ժողովրդի նկատմամբ ինչպիսի հանցագործություն ես գործել և քո շրջապատին։ Բևեռը կողմ է ձեզ պատժել մեր պատկերացրած ապագա անցումային կառավարության, անցումային արդարադատության փուլում։ Այստեղից է գալիս այն մարտավարությունը, որ ժողովրդով ենք քեզ վերացնելու, այլ ոչ թե հնգյակներով կամ տասնյակներով։ Ալբերտբազեյանների նկատմամբ անհեթեթ գործեր սարքելով, կամ այս տղաներին, որ բռնել եք, քո ցուցումով բռնել ես տվել՝ անհեթեթ հիմքերով, ոչ մի տեղ չտանող իրավականորեն, վստահ եղիր, որ եթե շարունակես այս տրամաբանությունը, այս մոտեցումը, ապա կարող է՝ մենք չհասցնենք տասնյակ հազարներով գալ քո հետևից։ Հավանաբար դու կենթարկվես հայ ժողովրդի ցասմանը։ Կանգ առ։ Պատրաստվիր հեռանալ, եթե ոչ՝ ասացինք՝ ինչեր կարող են տեղի ունենալ»։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց՝ Բևեռը վստահ է, որ պատվեր տվողն այս դեպքում Նիկոլ Փաշինյանն է․ «Սակայն համացանցում որոշ քաղաքական գործիչներ շտապեցին սլաքներն ուղղել Կրեմլի վրա, թե իբր կանխվել է հերթական հոկտեմբերի 27-ը։ Ամենևին Կրեմլի փաստաբանը չեմ ուզում լինել, բայց ուզում եմ ասել, որ Կրեմլը, եթե մի բան պլանավորում է, ապա նոթատետրերում չի գրում դրա մասին և հեռախոսով չեն խոսում դրա մասին, պարզապես մի գեղեցիկ օր մենք իմանում ենք, որ այսինչ մարդը Լոնդոնում ռադիոակտիվ թեյ խմելիս մահացավ։ Մենք պնդում ենք, որ սրա պատվեր տվողը Փաշինյան Նիկոլն է։ Հասցեատերը հայ ժողովուրդն է, որին ուզում են վախեցնել սպասվող նոր զիջումների, նոր փաստաթղթերի ստորագրելուց առաջ՝ հնարավոր ցասումը կանխելու նպատակով»։

Վահե Գասպարյանի համոզմամբ՝ հասցեատեր է նաև Արևմուտքը․ «Փաշինյանը լավ է հասկանում, որ ինքն այլևս վերջացած է Կրեմլի, հայ ժողովրդի և Արևմուտքի համար։ Արևմուտքն իրեն արդեն բնորոշում է՝ որպես խելքը կորցրած մարդ, հետևաբար Փաշինյանը վտանգ է զգում նաև արևմուտքից՝ հասկանալով, որ նրան հեռացնելու մեջ շահագրգռված է Կրեմլը ու հայ ժողովուրդը, նաև Արևմուտքը․ «Իսկ եթե արևմուտքը նրան հեռացնում է, ապա պարզ է, որ իշխանության գալու ամենահավանական ուժը ԱԺԲ- է՝ որպես միակ իրական արևմտամետ և գետնի վրա լայն ժողովրդավարություն վայելող ուժ։ Եվ ԱԺԲ-ի հեղինակությունն աճում է ոչ միայն հայ ժողովրդի մեջ, այլև արևմուտքի լայն շրջանակներում՝ առավելապես ԱՄՆ-ում։Հետևաբար պետք է ցեխ շպրտել Բևեռի վրա և արևմուտքին ցույց տալ, թե ձեր՝ արևմտամետ ուժն ինչով է զբաղված»։

Վահե Գասպարյանը Արցախի հայրենակիցների անձնագրերի հետ կապված գործընթացը խայտառակ համարեց ու նշեց․ «Նիկոլն այդ մարդկանց ստիպում է նորից ստանալ անձնագրեր, ոչ թե ստանալ ՀՀ անձնագրեր, որովհետև արդեն ունեն ՀՀ անձնագրեր, այլ նորից ստանալ այդ անձնագրերը, որտեղ Շուշի, Ստեփանակերտ, Հադրութ, Մարտունի գրանցումները կփոխարինվեն Երևան, Կոտայք, Արմավիր և այլ գրանցումներով։ Սա արվում է Ալիևի և Պուտինի պատվերով և նպատակ ունի Արցախի մարզի մեր հայրենակիցներին զրկել հայրենիք վերադառնալու, հայրենիքի հանդեպ իրենց իրավունքները՝ ՀՀ-ում նոր իշխանություն ձևավորվելուց հետո պաշտպանելուց։ Սրան պիտի հաջորդի խայտառակ փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը և այն միջանցքը, որը նա պատրաստվում է հանձնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԺԲ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930