Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխնախարարը հավաստիացրել է՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները կստանան իրենց թոշակները»․ Արմեն Պետրոսյան

Նոյեմբեր 06,2023 15:33

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները կստանան իրենց թոշակները։ Այս մասին այսօր մի խումբ արցախցիների վստահեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացրել էինք, արցախցիներն այսօր բողոքի ցույց էին անում՝ պահանջելով իրենց կենսաթոշակն ու զինվորական թոշակները։

Ցույցի մի քանի մասնակիցների ընդունել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Հանդիպումից հետո պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է ասել փոխնախարարը։

Պետրոսյանի պատմելով՝ իրենց հարցին՝ արդյոք արցախցիները ՀՀ քաղաքացին են, թե՝ ոչ, եւ որպես ՀՀ քաղաքացի, գտնվում են արդյոք նույն սոցիալական պաշտպանվածության դաշտում, ինչպիսին ՀՀ քաղաքացին է, փոխնախարարը պատասխանել է՝ Արցախի 070 կոդը համարվել է ճամփորդական փաստաթուղթ․ «Ասաց՝ այն կարգավիճակը, որ տրվի, ոչ մի բանով չի զիջում ՀՀ քաղաքացու կարգավիճակին։ Հարցրել ենք՝ եթե ՀՀ քաղաքացիություն չընդունենք, թոշակ չե՞նք ստանալու։ Ասաց, որ նման խնդիր չկա։ Փոխնախարարը հավաստիացրել է, որ բոլորը իրենց թոշակները ստանալու են, քաղաքացիական անձինք՝ հոկտեմբերի 26-ից այս կողմ, իսկ զինծառայողները՝ օրենքի փոփոխությունից հետո»։
Հինգշաբթի օրը, ըստ Պետրոսյանի, կառավարությունը հայտարարություն է անելու, պարզաբանելու բոլոր հարցերը։

Արցախցիների հարցին՝ թե տուն չունենք, որտեղ գրանցվենք, փոխնախարարը պատասխանել է՝ արցախցիները կարող են գրանցում ստանալ անձնագրային բաժիններում, եւ պարտադիր չէ որեւէ սեփականություն ունենալ։ «Փոխնախարարն ասաց, որ ձեր գրանցումը որեւէ մեկի սեփականության նկատմամբ ոտնձգություն չի կարող համարվել»,-փոխանցեց Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ փոխնախարարը վստահեցրել է՝ անկախ նրանից արցախցիները ՀՀ քաղաքացիություն ընդունեն, թե չընդունեն, փախստական լինեն, թե չլինեն, եթե Հայաստանում են, իրենք նույն դաշտում են․ «Դեկտեմբերին ստանալու ենք հոկտեմբերի հինգ օրվա եւ նոյեմբերի եւ դեկտեմբերի կենսաթոշակները։ Բայց եթե մեր խնդիրները չլուծեն, մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ կա տարիքային թոշակի հարց, նպաստի, աշխատավարձի, զոհվածների․․․վերջին պատերազմում զոհվածները նույնիսկ կարգավիճակ չունեն»։

Այլ ուժային կառույցների՝ ոստիկանություն, ԱԱԾ, ԱԻՆ թոշակառուների թոշակների հարցը դեռ պարզ չէ, Պետրոսյանն ասաց, որ փոխնախարար Խաչատրյանն ասել է, որ առանց համապատասխան գերատեսչությունների այդ հարցի պատասխանը չեն կարող տալ։

Ինչ վերաբերում է արցախցիների բնակարանային ապահովության խնդրին, ապա, ինչպես փոխնախարարն է վստահեցրել, աշխատանքներ են տարվում նաեւ միջազգային գործընկերներ հետ, թե երբ որոշում կամ կոնկրետ ծրագիր կլինի, առայժմ պարզ չէ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930