Լրահոս
Օրվա լրահոսը

էշ, մի սատկի, գարուն կգա. պատգամավորի հանգուցյալ պապի խոսքը՝ ID քարտերի ոդիսականի շուրջ. կառավարությունը էլի ժամկետ է փոխում

Նոյեմբեր 06,2023 15:00

Այսօր կառավարության ներկայացուցիչը ԱԺ էր եկել՝ հերթական անգամ երկարաձգելու հին նմուշի անձնագրերը կենսաչափական անձնագրերով փոխարինելու ժամկետը, որը վերջին փոփոխությամբ սահմանվել էր 2023-ի դեկտեմբերի 31-ը: Անցյալ տարի նույնիսկ ՔՊ-ականները պարզապես «թքեցին ու մրեցին» կառավարության այն անդամներին, որոնց անգործության պատճառով ստիպված էին ժամկետ երկարաձգել: Այն ժամանակ զեկուցողը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էր, որը երկար-բարակ բացատրում ու այսպիսի խոստումներ էր տալիս. «Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր նույնականացման քարտերով՝ ID քարտով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023-ի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023-ի փետրվարի 15-ից»:

Այն ժամանակ ընդվզողներից մեկը ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էր, որն ասաց. «Ինչ-որ մեկը փաստացի «պռավալ» է տվել այդ աշխատանքը, ինչո՞ւ եք դուք եկել, ձեր հետ չի եկել այն մարդը, որը ձախողել է այդ աշխատանքը: Բերեիք այդ մարդուն, ինչ պետք էր այդ մարդուն ասեինք, մի հատ էլ խնդրեինք պատասխանատվության ենթարկել»:

Այսօր Ֆիդանյանի տեղում ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էր, որն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ աշխատանքային քննարկում են արել ու որոշել եւս մեկին հրավիրել. «Որոշեցինք, որ անպայման հրավիրենք ԿԲ խորհրդի անդամ պարոն Ներսես Երիցյանին»:

Երիցյանը հուշեց. «Ես հիմա ԿԲ-ում չեմ: Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղարն եմ»: Հիշեցնենք, որ Երիցյանը դեռ 2022-ի հունվարին է նշանակվել այդ պաշտոնում:

Այս նիստին Քրիստինե Պողոսյանը լուռ էր: Բողոքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Կառավարության ներկայացուցիչ Արմեն Ղազարյանն այս անգամ ժամկետի երկարաձգումը այսպես էր հիմնավորում, թե որոշել ենք մեծ բարեփոխումների գնալ եւ «պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքով նոր մրցութային համակարգ անցկացնել»: Ուշագրավ է, որ այս անգամ նախագծով ժամկետ էլ չեն նշում, թե մինչեւ ե՞րբ են առաջարկում երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրումը, ասում են՝ «մինչեւ ամբողջապես արդիականացված համակարգի ներդրումը՝ պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա»:

Գեղամ Մանուկյանը հորդորեց այդ «գերատեսչական տեքստը» դնել մի կողմ ու ասել՝ ՀՀ քաղաքացին մինչեւ ո՞ր թիվը, ո՞ր ամիսը ներառյալ կարող է ձեռք բերել կենսաչափական այդ անձնագրերը, կարո՞ղ եք կոնկրետ ժամկետ ասել, թեկուզ՝ 2048թ:

Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարող ասել, որովհետեւ մինչեւ պետություն-մասնավոր ընկերության գործընկերության հիման վրա մրցույթը չկայանա եւ մենք չիմանանք, թե կոնկրետ ո՞ր ընկերության հետ ենք աշխատում եւ որքան ժամանակում է հնարավոր տեխնիկապես ներդնել այդ համակարգը, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Անդրանիկ Քոչարյանը զարմացավ՝ կներեք, ո՞վ կարող է պատասխանել: Արմեն Ղազարյանն արդարացավ, թե ՆԳՆ-ն նոր է, մասշտաբային բարեփոխումների փաթեթ են մշակել եւ այլն: Գեղամ Մանուկյան արձագանքեց իր հանգուցյալ պապի նախընտրած ասացվածքով՝ էշ, մի սատկի, գարուն կգա. «Եթե որեւէ մեկը իր գործառույթը չգիտի, էլ ինչի՞ համար են պետական ինստիտուտները»:

Արմեն Ղազարյանն ի պատասխան անցավ հայտնի մեթոդին՝ նախկիններին. «Տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ անձնագրային համակարգի վրա չեն կատարվել ներդրումներ, համակարգը չի արդիականացվել եւ հիմա համակարգի արդիականացման ճանապարհը ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության միջոցով կենսաչափական համակարգի ներդրումը: Մինիմալ ներդրմամբ որ այս համակարգը այսքան էլ գոյատեւել է, աշխատակիցների ջերմեռանդության շնորհիվ է»:

Ներսես Երիցյանը ներկայացրեց, թե քանի ամիս կտեւի ընկերությունների նախաորակավորման փուլը, քանի ամիս՝ բուն մրցույթը, հաշվեց, հաշվարկեց ու խոստացավ՝ 2025 թվականին կունենանք համակարգը. «Դա լուծում է լուրջ անվտանգային խնդիրներ, այդ թվում ապագայում ազատ վիզայի ռեժիմի համար նախապայմաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930