«Վերջին շրջանում Ադրբեջանում և Թուրքիայում արշավ է սկսվել ՀՀ-ում գործող իբր թե ահաբեկչական խմբերի դեմ, և այս արշավը զարմանալիորեն ձայնակցվում է հենց ՀՀ-ում»,-Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այստեղ նշվում է նաև ԱԺԲ-ի անունը։
Գարեգին Չուգասզյանը հարցնում է՝ ինչո՞ւ հիմա․ «ԱԺԲ խորհուրդն այն կարծիքն ունի, որ մեր երկիրը գտնվում է ճակատագրական որոշման շեմին, և քանի որ կոլաբորացիոն իշխանությունը, որը գոյություն ունի և պատրաստվում է շատ կարևոր պայմանագիր ստորագրել չակերտավոր խաղաղության, մտադրված է ամեն կերպ այդ գալիք զայրույթը, որ լինելու է, նախապատրաստվել դրան և հրեշացնել այն ընդդիմությանը, որը արմատապես կանգնած է 3+3 ձևաչափին միանալու դեմ, կամ եթե փորձենք ավելի պարզ ասել՝ թուրքական աշխարհին ինտեգրվելու՝ այդ մտադրությանը։ Դրա համար անհրաժեշտ է նախապատրաստել մեր հանրային կարծիքը, ահաբեկել մարդկանց և այդ ամենը ներկայացնել՝ որպես տեղական ահաբեկչական խմբերի գործունեություն։ Այսպիսի նպատակով տեսանք վերջին ռեպորտաժը, որտեղ ԿԳԲ-ական ծանոթ ձեռագրով հայտնի նոթատետրից կտորներ երևացին, երրորդ դասարանցու գրագիտությամբ գրված՝ անվարժ, բայց շատ ընթեռնելի ԱԺԲ ակտիվիստներ։ ԱԺԲ-ին առանց բարձր նշելու, բայց հստակ ցույց տալով, որ տեսեք այս ահաբեկչական խումբը կապված է Բևեռի հետ։ Բացի դիլետանտիզմից, շտապողականությունից, այստեղ կար մի շատ կարևոր հանգամանք ՝ իրավական կոպիտ խախտում։ Նախաքննության ընթացքում կան գաղտնիքներ, որ չպետք է հրապարակվեն։ Օրենքի կոպտագույն խախտումներով վարկաբեկում են ԱԺԲ-ին՝ առանց հիմքեր ունենալու։ Այն, ինչ 2020-ից հետո՝ պատերազմից հետո եղավ, այն ահաբեկումը, որը պարզ կատարվում է, դա այն է, որ փորձում են վարկաբեկել Բևեռին ակնհայտ գավառական ձեռագրով»։
Կարդացեք նաև
ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները շատ վտանգավոր խաղ են խաղում՝ նպատակ ունենալով պահպանել սեփական աթոռը, բայց վնասում են պետությանը․ «Վերջին շաբաթվա ընթացքում շոշափվում են մի շարք դեպքեր՝ Հայաստանի՝ որոշակի առնչություն միջազգային ահաբեկչության հետ՝ մասնավորապես չեչեն ահաբեկչի հոր՝ Հայաստանում գտնվելը։ Բոլորն իմանում են դա։ Ներպետական մակարդակով խոսվում է այս կեղծ գործի մասին, և ԱԺԲ-ի անունն է ցուցադրվում։ Չմոռանանք նաև ՈՄԱ-ի հետ կապված հարցերը, որտեղ թուրքերը խորհրդարանում են խոսում ահաբեկչության մասին։ Երրորդը սփյուռքի կապն է։ Վաղուց չգործող ԱՍԱԼԱ-ի կողմից հայտարարություն է կատարվում։ Սա միտում է։ Չեղած տեղը գործեր են սարքում այն պատճառով, որ ուզում են՝ սեփական սասանվող աթոռը պահել։ Սա սխալ է։ Սա այն վատ օրինակներից է, երբ մարդիկ իրենց սեփական շահը վեր են դասում համազգային շահերից»։
Արա Պապյանը վստահ է՝ մարդիկ չեն հավատալու․ «Որևէ հիմք չկա․ հաստատ մի որսորդական հրացանով որևէ մեկն ահաբեկչություն և հեղափոխություն չի անում։ Բայց մարդիկ մոռանալու են, չեն հիշելու՝ ինչ էր։ Միայն հիշելու են, որ ԱԺԲ և ահաբեկչություն, ինչ-որ գործ կար։ Սրա վրա են աշխատում։ Ես կարծում եմ՝ իշխանությունները հասկանում են, որ միակ հետևողական արևմտամետ ուժը, որը հստակ դիրքորոշում ունի, ԱԺԲ-ն է։ Սրանից իշխանությունը վտանգ է զգում։ Հասկանում է, որ ռուսական թևը պարտվում է, որովհետև «պապաները» Կրեմլում թուլանում են։ Արևմտյան թևին, որի առաջամարտիկը եղել ու մնում է ԱԺԲ-ն, պետք է վարկաբեկել և սրանով տատանվող զանգվածը, որը կամաց-կամաց մեզ է մոտենում, նրանց վախ են ներշնչելու և հեռու պահելու։ Ահաբեկչության այս սխալ գիծը, որ հանուն աթոռի արծարծում են, վտանգավոր է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ