Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ «Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել»

Նոյեմբեր 06,2023 14:16

Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը

Պարոն Մանուկյան, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն ՏերՊետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Արման Թաթոյանն ու Լևոն ՏերՊետրոսյանի գրասենյակից հերքեցին այդ հայտարարությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Հավանաբար իրար են խառնվել հետևյալ երեք ինֆորմացիաները․

Առաջին․ կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։

Երկրորդ․ կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։

Ընդ որում ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պետք է նախևառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, և երբ մոտենանք այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենանք բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու։

Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝ կապված շարժման և  այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց։

Իսկ ի՞նչ իրավիճակում են կոմիտեի աշխատանքները, կոմիտեն գործո՞ւմ է։

-Իմ կարծիքով՝ կոմիտեի ամենամեծ թերությունն այն էր, որ չկարողացավ իր մեջ ներգրավել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ և չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։

Այդ հարցերը քննարկելու համար հոկտեմբեր ամսին քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների մոտ 60 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ հանդիպում։ Եթե ամփոփենք այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր կարծիքները, ապա գլխավոր եզրակացությունը հետևյալն էր․

1․պետք է կազմակերպվի խորհուրդ, որում ներկայացված կլինեն հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր։

2․Այդ խորհուրդը պետք է ունենա քաղաքական պլատֆորմ, թե ինչպես է պատկերացնում ներկա վիճակից դուրս գալու ելքերը և ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, որի հիման վրա կձևակերպի և կհրապարակի հռչակագիր։

3․Գործող կոմիտեն իր լիազորությունները պետք է վայր դնի, և խորհուրդը քվեարկության միջոցով պետք է ձևավորի նոր գործադիր մարմին-կոմիտե։ Եվ այդ նոր կոմիտեն, ունենալով արդեն լայն ներգրավվածություն, լեգիտիմ կլինի ընդդիմադիր դաշտում և վստահություն կվայելի ժողովրդի կողմից։ Այս ամենից հետո խորհուրդը, կոմիտեի հետ միասին, կհռչակի շարժման սկիզբ, և կսկսեն ձևավորվել կառույցներ տարբեր բնակավայրերում ու հիմնարկություններում։

Խորհուրդը նաև պետք է ապահովի ցանցային համագործակցություն արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորվող երիտասարդական տարբեր կազմակերպությունների հետ։

Այժմ կոմիտեն այդ եզրակացությունների հիման վրա փորձում է իրականացնել այդ ծրագիրը։

Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր նպատակների համար օգտագործում է հսկայական պետական մեքենան, և մեքենայի դեմ միայն պոռթկումներով ու էմոցիաներով հնարավոր չէ պայքարել։ Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա։

Եթե դա չլինի, ապա ցանկացած պոռթկում դատապարտված է ձախողման։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930