«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։ Պատգամավորի կարծիքով` նոր օրենքը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հայրենիք վերադառնալ, բացի այդ՝ լրացուցիչ գումարներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
«Սա Պաշտպանության նախարարության նախագծի հետ որեւէ առնչություն չունի, եւ այն կարծիքները, որ ՊՆ-ի նախագիծը փոփոխության է ենթարկվել ու ներկայացվում է իմ կողմից, անտեղի է: Շատ հաճախ լրագրողներն ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել եւ խուսափել ծառայելուց ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերվում է միայն 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Վճարել 15 միլիոն և ազատվել բանակից ու քրեական պատասխանատվությունից․ նոր նախագիծ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով. «Այսօրվա գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու, այսինքն` եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ եւ ցանկանում է գալ ծառայել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, դրա հնարավորությունը չունի: Հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում այժմ նա ունի միայն մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ մինչեւ 5 տարի ժամկետով: Եվ ասել, որ տալիս եմ հնարավորություն չծառայելու ու խուսափելու ծառայությունից, անտեղի է:
Ի դեպ, համանման կարգավորում եղել է 2004թ, որը կոչվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք: Ըստ այդ օրենքի, այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է եւ չեն կարող ծառայել, կարող են գալ, վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չծառայելով ոչ մի օր: Այս օրենքը երկարաձգվել էր մինչեւ 2019թ, եւ 2019-ից այլեւս որեւէ կարգավորում չկար, ուստի դաշտը մնացել է բաց»:
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ Պաշտպանության նախարարության նախագիծը անցյալ տարի բովանդակային առումով հրապարակային քննադատել էին, ինչ վերաբերվում է Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին, այս մասին էլ նշեց. «Եթե նախկինի պարագայում համաներման կիրառումից օգտվել է 1360 քաղաքացի, հետաքրքիր կլիներ իմանալ, թե այս օրենքի ընդունման դեպքում քանի քաղաքացու վրա կարող է տարածվել: Ըստ էության, երեւի հաշվառված է, թե քանի մարդու համար է այս օրենքը նախատեսված: Եթե զուտ թվաբանորեն նայենք, խոսքը վերաբերվում է 1996 թվականին եւ դրանից հետո ծնվածներին՝ առնվազն 27 տարի հաշվարկով»:
Ինչ վերաբերվում է սոցիալական արդարությանը, այս մասին էլ Սաքունցը նշեց. «Եթե սա լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիների համար, իրապես ակտուալ կլիներ: Պետությունն ունեցել է 2 գործիք. մեկը՝ սահմանված ժամկետում զինվորական ծառայության չանցածներին հնարավորություն տալ վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից, մյուսը՝ համաներումը: Սակայն այն մարդիկ, որոնք պետք է օգտվեին այդս երկու գործիքներից, չեն օգտվել, եւ սա այն դեպքում, երբ պայմանները շատ ավելի լավն են եղել՝ 100 հազար ամեն բաց թողնված զորակոչի համար, քան ներկայումս առաջարկվող պայմանները: Հիմա եթե մարդը չի օգտվել այդ պայմաններից, չի օգտվել համաներումից, հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է օգտվի այդ առաջարկած պայմաններից, որոնք շատ ավելի դժվարացնում են ամեն բան»:
Ըստ Արթուր Սաքունցի, արտասահմանում գտնվողներին պետք է տրվի հնարավորություն, որպեսզի նրանք քրեական պատասխանատվության չենթարկվեն, բայց մյուս կողմից էլ հարց է ծագում՝ մինչեւ ո՞ր թիվը: «Վերջին հաշվով, կան անվտանգային լուրջ խնդիրներ, ու արդյոք այս կարգավորումներով անվտանգային խնդիրները լուծվո՞ւմ են: Իմ կարծիքով, այս կարգավորումն առաջին հայացքից տալիս է հնարավորություն՝ գումարի դիմաց կարելի է ազատվել քրեական պատասխանատվությունից, մյուս կողմից՝ սա ուղերձ է, որ կարելի է չծառայել եւ գումարով ազատվել:
Իսկ սոցիալական արդարության ամբողջ իմաստն այն է, որ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության հետ կապված հարց ունեն, նույն սոցիալական կարգավիճակը չունեն: Ստացվում է՝ համեմատաբար հարուստները կարող են գումարի դիմաց ազատվել ծառայությունից, եթե շատ են ուզում գալ Հայաստան»,-ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Նրա ձեւակերպմամբ, պետք է ձգտել ոչ թե նման կարգավորումներով հայրենադարձություն իրականացնել, այլ վստահությունը մեծացնել զինված ուժերի եւ պետության հանդեպ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի