Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռեւս գտնվում են Հայաստանի բժշկական կենտրոններում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տեւելու։ Եվ ինչքան ու ինչ ծավալով անհրաժեշտ լինի, նրանց բուժօգնությունը կտրամադրվի։ Գիտեք, որ արտերկրում եւս ունենք բուժվող պացիենտներ, 19 պացիենտ ունենք դրսում։ Երբ կավարտեն այնտեղ բուժվելու անհրաժեշտ ժամանակահատվածը, կտեղափոխվեն Երեւան եւ հաջորդիվ կշարունակեն նաեւ մեր բուժկենտրոններում վերականգնողական բուժօգնությունը»,- ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Ստեփանակերտի պայթյունի հետեւանքով վնասվածքներ ստացած պացիենտներից 10-ի վիճակը ծանր է։
Անդրադառնալով արցախցիներին մատուցվող պետպատվերով բուժօգնությանը ու ահազանգերին, որ որոշ ծառայությունների համար արցախցիները ստիպված են լինում վճարել, նախարարն ասաց․ «Շատ կարեւոր են այն երաշխիքները, որոնք տրվում են։ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանում գործում է պետական պատվերի գոյություն ունեցող ամենալայն փաթեթը։ Սա նշանակում է, որ ամբուլատոր օղակում ամբողջ ծավալով եւ նաեւ հիվանդանոցային բժշկական ծառայությունները նրանց անվճար տրամադրվում են՝ ըստ պետական պատվերի գործող մեր ծրագրերի։ Անձը պետք է կցագրվի մեր պոլիկլինիկաներում, ստանա անհրաժեշտ ծառայությունները, բայց եթե ունի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության կարիք, ուղեգրի պարագայում դա կստանա նաեւ այնտեղից»։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ շատ դեպքերում ինֆորմացիայի պակասը բերում է շփոթության, եւ իրենք փորձում են տեղեկատվության բացը լրացնել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ