Ամփոփվեցին «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքները։ Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:
Մրցույթին հայտ էր ներկայացրել 64 մասնակից, որոնցից 32-ը պատերազմների մասնակից են։ Ստեղծագործությունների 50 տոկոսն արձակ էին, 50-ը՝ չափածո։
Գրական մրցույթի ժյուրին նախագահում է Արամ Զավենի Սարգսյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը‚ բանաստեղծ Կարեն Անտաշյանը‚ քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը‚ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Գեմաֆին Գասպարյանը‚ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը‚ գրականագետ, խմբագիր Հասմիկ Հակոբյանը‚ խմբագիր, թարգմանիչ Լեռնիկ Դալլաքյանը‚ ինժեներ, «Հրետանավորի օրագիրը» գրքի հեղինակ Ալբերտ Մկրտչյանը։
Ժյուրիի որոշմամբ՝ «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» առաջին մրցանակին արժանացավ Նարեկ Վարդանյանն իր «Սովորական հայրենիք» ստեղծագործության համար։ Երկրորդ մրցանակը ստացավ Արա Զարգարյանը՝ «Լռություն» ստեղծագործության համար, երրորդ մրցանակակիր դարձավ Դավիթ Մհերյանը, նա ներկայացրել էր «Մեր ապրիլյան ոդիսականը» ստեղծագործությունը։ Անահիտ Սվարյանը ժյուրիի կողմից ստացավ Հատուկ մրցանակ՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» ստեղծագործության համար։ 1-ին մրցանակակիրն արժանացավ 700,000 դրամ պարգևավճարի, 2-րդ մրցանակի համար շնորհվեց 500,000 դրամ պարգև, իսկ 3-րդ և Հատուկ մրցանակակիրները պարգևատրվեցին 300,000-ական դրամով։
Կարդացեք նաև
«ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթը» կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի և «Մարտական եղբայրություն» միաբանության նախաձեռնությամբ։ Մեկնարկը տրվել էր 2022թ. հոկտեմբերի 5-ին։
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, խոսելով սպարապետի անունը կրող գրական մրցույթի առաքելության մասին, նշեց, որ շատ կարևոր է ունենալ պատերազմի վավերագրությունը՝ փաստագրական նյութի կամ գեղարվեստական երկի տեսքով։ Սա հաշվի առնելով՝ միտք առաջացավ նախաձեռնել գրական մրցույթ, որը նաև որոշակի մոտիվացիոն մեխանիզմներ կնախատեսեր պատերազմի մասնակիցների համար։ Պարոն Բարսեղյանը վստահ է, որ մրցույթի շրջանակներում հավաքագրված փաստագրությունները հետագայում նյութ կհանդիսանան ուսումնասիրողների համար։ Այս նյութերը կմնան ժամանակի մեջ՝ փոխանցվելով սերունդներին։ Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի անվան։ Արման Բարսեղյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը մեր հաղթանակների խորհրդանիշն է։ Ըստ նրա՝ թեև կորցրել ենք մեր հաղթանակը, սակայն մեր խորհրդանիշները պետք է վառ պահենք, որպեսզի պահպանենք հաղթանակները հետագայում վերականգնելու հնարավորությունը։
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ, հրապարակախոս, մրցույթի ժյուրիի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն ընդգծեց, որ մրցույթին ներկայացված ստեղծագործություններից շատերն արժանի են հրապարակման՝ և՛ գեղարվեստական արժեքի տեսակետից, և՛ վավերագրության։ Հասարակությունը պետք է վերապրի իր հետ տեղի ունեցածը՝ իմաստավորելով այն վերլուծական, գիտակցական ու զգացմունքային մոտեցումներով։
Մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Վարդանյանը հիշում է, որ 2020 թվականի նոյեմբերի 6-ին է վիրավորվել, մեկ ամիս կոմայի մեջ է եղել, և նրա խոսքով՝ այս ստեղծագործությունը նպաստել է, որպեսզի ավելի շուտ ապաքինվի, ոտքի կանգնի։ «Հոգեկան, հոգեբանական գիտակցումը, որ վիրավորվելուց հետո էլ կարող ես ինչ-որ բանի պիտանի լինել, ուժ է տալիս շարունակելու պայքարը»,- ասում է Նարեկը։
Երրորդ մրցանակակիր Դավիթ Մհերյանը նշում է, որ «Մեր ապրիլյան ոդիսականը» իր ֆեյսբուքյան գրառումների ժողովածուն է։ Ապրիլյան պատերազմից չորս տարի անց որոշել էր ներկայացնել պատերազմի մասին իր պատմությունն ու ապրումները։ Եվ ահա բոլոր մասերը հրապարակելուց հետո տեղեկանում է Վազգեն Սարգսյանի անվան մրցույթի մասին, ժողովում-խմբագրում է իր գրառումները, դարձնում այն մի ամբողջական պատմություն ու ներկայացնում մրցույթին։ Դավիթը նկատում է, որ իր համար շատ հաճելի էր արժանանալ նման բարձր գնահատանքի։ Խոսելով գրելու ընթացքում իր ապրումների մասին՝ խոստովանում է, որ դժվար էր ևս մեկ անգամ վերապրել դրանք, սակայն անհրաժեշտ է այդ ապրումները, փաստերն ու իրողությունները թղթին հանձնել, ներկայացնել հանրությանը, որպեսզի կարողանանք մեր սխալները հասկանալ ու դրանք շտկելով՝ ավելի լավն ու ուժեղ դառնալ։
Հատուկ մրցանակակիր Անահիտ Սվարյանը «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» ստեղծագործությամբ գրել է 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած իր եղբոր՝ Արամի պատմությունը։ Անահիտը լրագրող է, և ստեղծագործությունը նախ լրագրողական հետաքննության տեսք ուներ, այն ներկայացնում է եղբորը փնտրելու ընթացքը, եղբոր անհետ կորչելու հանգամանքները, նրա վերջին օրը, նրա հետ վերջին շփվողներին, Արամի հետ առնչվող դեպքերի ականատեսներին։ Մի քանի օրից կհրապարակվի Անահիտի երկրորդ պատմությունը, որը կտա այն հարցի պատասխանը, թե որտեղ է Արամը։ Հեղինակի խոսքով՝ իրենց ընտանիքի օրինակով փորձել է ցույց տալ, թե ինչ դժվարին ճանապարհ են անցնում, ինչ դժվարությունների են բախվում պատերազմի ընթացքում անհետ կորածների հարազատները։
Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոն ընդգծեց, որ գրավոր խոսքը, գրականությունը մեծ դեր ունեն հայոց պատմության մեջ։ Նա կարևորեց մրցույթի կազմակերպիչների, ժյուրիի անդամների հոգածությունն Արցախյան պատերազմների վերաբերյալ վավերանյութերի հավաքագրման հարցում՝ նշելով, որ այդ հոգածությունը խորին հարգանքի է արժանի։
«ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարվեց երկրորդ մրցույթի մեկնարկի մասին։
Մամուլի հաղորդագրություն