Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՄԱ -ի «Գմբեթ 2»-ի դրամահավաքի հարցը հասավ ԱԺ. Գեղամ Մանուկյանն ահազանգում է՝ լայվերով հեռադիտակ, փող են հավաքում, ՊՆ-ն տեղյակ չէ

Նոյեմբեր 06,2023 13:25

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությամբ: Նա ասաց, որ այս օրերին լայնորեն քննարկվում է ՈՄԱ կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» ամրաշինական կառույցների համար դրամահավաքների հարցը, որով պաշտպանական երկրորդ գծում հենակետեր է նախատեսվում ստեղծել:

Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 2-ին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին մի քանի կետանոց հարցում է ուղարկել, որին ի պատասխան՝ հայտնել են, որ ՈՄԱ-ի կողմից «Գմբեթ 2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ ՊՆ-ին ուղղված դիմում-առաջարկ չի եղել. «2023-ի օգոստոսին ԶՈՒ ինժեներական վարչություն է դիմել քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է: Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ 2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023-ի սեպտեմբերին՝ Շահինյանից: ՈՄԱ ՀԿ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները ԶՈՒ ստորաբաժանումների հետ համաձայնեցված չեն: ՈՄԱ-ի կողմից պաշտպանական երկրորդ գծում, ինչպես նաեւ ԶՈՒ ստորաբաժանումներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, այս ՀԿ-ն համագործակցելով ՏԻՄ-երի հետ, կատարել է ինժեներական աշխատանքներ: ՊՆ-ի կողմից ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքներ կատարելու թույլտվություն չի տրվել»:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ ԱԺ փակ նիստում ասել է, որ մերժելի, անթույլատրելի է նման աշխատանքներ կատարել՝ լոկ ագիտացիայի համար. ««Գմբեթ 2»-ը վառ վկայությունն է, թե ինչպես իրական արդյունք չարձանագրելով, չդառնալով Հայաստանի անվտանգային համակարգի փոխլրացնող մաս՝ այն կարող է դառնալ հանրային գիտակցության վրա ազդող իբր պաշտպանական աշխատանքներում անգնահատելի մաս կազմող դեր: Իհարկե, ՊՆ-ն հերքում է, որ առնչություն ունի լայն քարոզչության թեմա դարձած «Գմբեթ 2» նախագծին, սակայն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին էլ եմ ասել, որ անհնար է թեկուզ իշխանական առանձին ներկայացուցիչների հովանավորությունը չունենալով՝ նման լայն հնչեղությամբ աշխատանք տանել: Անգամ նշել եմ այս նախագծի ամենամոլի քարոզիչներից որոշների անունները: Տարօրինակ զուգադիպությամբ՝ Արցախի հայաթափան օրերին, ժողովրդական ընդվզման, ուսանողների դասադուլի օրերին իբր շատ պատահական ակտիվացան ուսանողության եւ երիտասարդության շրջանում «Գմբեթ 2»-ի համար դրամահավաքը, ինչ-որ ստվարաթղթերի հավաքման ուղղությամբ աշխատանքը»:

Ըստ Գեղամ Մանուկյանի, հատկապես երիտասարդները ոգեւորվում ու անդամակցում են նմանատիպ կառույցներին, բայց իրականում դրանք լոկ անձնական քարոզչությանն են ծառայում, դրամահավաքներ են կազմակերպում եւ հանրությանը մոլորեցնում են, իբր անհավանական պաշտպանական կառույցներ են ներդնում. «Նախկինում էլ եղել են նման դրսեւորումներ, երբ անհասկանալի դեմքեր, ուժեր Զինված ուժերին այս կամ այն նյութական միջոցներ ձեռք բերելու համար դրամահավաքներով ինչ-որ անհասկանալի, իբր մարտական հենակետերի լայվերով զբաղվում էին ինքնագործունեությամբ: Բարեբախտաբար, հետեւողական ահազանգերից հետո դրանց մի մասը չեզոքացվեց»:

Պատգամավորն առաջարկում էր բաց կամ փակ քննարկում կազմակերպել այս խնդրի շուրջ: Առաջարկը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար ընդունելի էր. «ՊՆ-ի հետ էլ քննարկենք, չնայած ՊՆ-ն արձագանքել է, տեսնենք հետագայում ոնց ենք այդ ամենին տալիս պատշաճ գնահատականներ»:

 

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին անհասկանալի էր, թե ինչո՞ւ է Գեղամ Մանուկյանը հենց այսօր որոշել դրա մասին խոսել՝ հանձնաժողովի նիստում: Մանուկյանը պատասխանեց, որ ինչ-որ մարդիկ լայվ են մտնում ու հեռադիտակ են հավաքում՝ ստելով, թե «մեր զորքի» համար է. «Փակ նիստում Սուրեն Պապիկյանի ներկայությամբ օրինակ եմ բերել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որն ասում է՝ մեր զորքի տեղակայման վայրում թշնամին մի սանտիմետր առաջ չի եկել: Մենք ի վերջո ունենք ՀՀ զինված ուժե՞ր, թե՞ ամեն մեկի զորք»:

Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց. «Այս հարցի շուրջ պայմանավորվեցինք: Եթե դիսկուրս կա, մեր հանձնաժողովը չի կարող անմասն մնալ դրանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930