Քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը անգրագիտություն է համարում այն բացատրությունը, թե արցախցիներին տրված կապույտ անձնագրերը եղել են ճամփորդական, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
«Անխտիր բոլոր արցախաբնակ քաղաքացիները ՀՀ քաղաքացի էին ծննդյան իրավունքով, որովհետեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշմամբ, որը ներհայաստանյան օրենսդրության ուժը այլ ակտով երբեք չի կորցրել ու շարունակում է գործել մինչեւ այսօր, եւ 1990 օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի հավաստիացմամբ ու հաստատմամբ՝ Արցախը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն է ու արդի Հայաստանի համահիմնադիր հատվածն է: Այն, որ Արցախը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն է, վկայում է նաեւ Սահմանադրական դատարանը, որը տարբեր առիթներով ակնարկել է , որ ՀՀ անկախության հռչակագիրը շարունակում է մնալ ՀՀ Սահմանադրության հիմքում »,-այսօր facebook սոցիալական կայքով ուղիղ եթերի ժամանակ ասաց Ալեքսանդր Քանանյանը:
Նրա խոսքով. «Պատահական չէ Նիկոլ Փաշինյանի վերջերս հայտնած հակապետական ու հակասահմանադրական միտքը, թե Անկախության հռչակագիրը ենթակա է վերափոխման ըստ նոր իրողությունների: Այդ նոր իրողությունները Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան համատեղ քաղաքականության արդյունքում ՀՀ-ն մասնատելու ու մոտակա տասնամյակների ընթացքում երկիր մոլորակի քաղաքական քարտեզից վերացնելն է»:
Քանանյանը գիտի, թե ինչու է ծագել արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու խնդիրը. «Վստահաբար, Թուրքիայի ու Ադրբեջանի եւ նրանց վասալ դարձած ՌԴ պահանջն է դրված Նիկոլ Փաշինյանի առջեւ՝ իսպառ չեղարկելու, բնաջնջելու արցախյան հիմնախնդրին վերաբերող բոլոր գործող հանգամանքները, Արցախ անունն իսկ պետք է վերանա ըստ նրանց պահանջի»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ արցախցիների կապույտ անձնագրերում որեւէ տեղ նշում չկա, թե դրանք ճամփորդական անձնագրեր են ու տարբեր տարիներին Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիները այդ անձնագրերով պաշտոններ են զբաղեցրել ՀՀ-ում միայն հաշվառման վայրը փոխելով. «Ժամանակին միացման կողմնակից, ազատագրված տարածքները հանձնելու կործանարարության վերաբերյալ բազմիցս արտահայտված, իսկ այսօր ազգի դավաճան Արմեն Գրիգորյանն ուներ Մարտունու հաշվառում ՀՀ անձնագրով, բնականաբար, ՀՀ քաղաքացի էր: Երբ հարկ եղավ , որ նա զբաղեցնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, Արմեն Գրիգորյանն ընդամենը ՀՀ անձնագրում Մարտունու հաշվառումից դուրս է եկել ու Երեւանի գրանցումն է վերցրել, որտեղ բնակվում էր: Այսպես է եղել բոլորի հետ անխտիր: 1990-95 թթ գործած Գերագույն խորհրդում Արցախից ընտրված 10 պատգամավոր կար, որոնք քվեարկել են Անկախության հռչակագրի օգտին, որոնք մասնակցում էին ՀՀ օրենքների ընդունմանը, ՀՀ-ում սահմանադրականության տարբեր դրսեւորումների հաստատմանը որպես լիիրավ օրենսդիրներ, եթե նրանք եղել են Ադրբեջանի քաղաքացի կամ չունեին ՀՀ քաղաքացիություն, ո՞ր իրավական եղանակով են իրենց լիիրավ ձայնով՝ քվեով 5 տարի շարունակ մասնակցում ՀՀ –ում օրենսդրական դաշտի կայացմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ