«Ես կարծում եմ, որ այսօր պետական պատվերով բուժծառայությունների գները բավական արդարացի են»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը բարձրաձայնեց հարցը, որ պետպատվերի շրջանակներում կատարվող վիրահատական միջամտությունների համար մի քանի անգամ ավելի ցածր գին է սահմանված, քան վճարովի ծառայության դեպքում։ Նա հարցրեց, թե 2024 թվականի բյուջեի նախագծով վերանայում նախատեսվո՞ւմ է։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վերջին տարիներին բյուջետային միջոցների ավելացումն ուղղում են գնային փոփոխություններին։ «Այո, գիտեք, որ ամբողջ երկրում թե դեղորայքի, թե բժշկական նշանակության ապրանքների, թե աշխատավարձերի որոշակի ավելացումներ են եղել։ Եվ մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր ծառայությունների գները։ Բայց պետք է նշեմ, որ դրանք չենք կարող համեմատել վճարովի մի քանի բժշկական կենտրոնների շատ գուցե թանկ ծառայությունների հետ, որովհետեւ չգիտենք՝ տվյալ թանկարժեք ծառայության հաշվարկն ինչպե՞ս է իրականացվել։ Մենք ունենք մեր գների հաշվարկման մեթոդաբանությունը եւ կարծում ենք՝ դրանք այսօր բավական արդարացի են եւ արտահայտում են այն ծախսերը, որոնք ներառված են տվյալ վիրահատություններն իրականացնելու համար»,- ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ բժշկական հաստատություններում աշխատավարձերն ուշացնում են։ «Բժշկական կենտրոնն իր ծախսերն ու եկամուտներն այնպես պետք է պլանավորի եւ նախահաշիվները կազմի, որ աշխատավարձի որեւէ ուշացում չունենա։ Ես պետք է շեշտեմ, որ պետական պատվերի շրջանակներում բժշկական կենտրոնները ֆինանսավորվում են րոպե առա րոպե՝ առանց որեւէ ուշացման»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ