Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի խնդիրների պատճառը նախ եւ առաջ բարոյական եւ կրթական ճգնաժամերն են, ոչ թե Ալիեւը կամ Էրդողանը». Աղասի Ենոքյանը

Նոյեմբեր 06,2023 12:38

Օրերս կայացավ քաղաքագետ, գրող Աղասի Ենոքյանի «Ալտերնատիվ պատմություն Հայոց» գրքի հանրային ներկայացումը: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է հեղինակի հետ:

«Այս գրքում մեր պատմության որոշ պահեր ես այլակերպել, փորձել եմ տեսնել խնդիրներ, որոնց մասին շատ ենք խոսում, թե դրանք խանգարել են երկրի կայացմանը, եւ ի՞նչն է պատճառը, որ այս օրին ենք հասել: Այդպիսի 2 վիպակ կա գրքում զետեղված:

Երբ 1991թ. Հայաստանն անկախացավ, արդեն մեր հարեւանությամբ կար դեռեւս 1923թ Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջացած Արեւմտյան Հայաստանը: Այսինքն՝ ունենք պետականության փորձ, բայց ասում են՝ պետականության փորձ չունենք, դրա համար ենք այս վիճակում: Ինչքանով էլ է դա օգնել մեզ՝ այս մասին է խոսվում վիպակներից մեկում:

Մյուս վիպակում էլ քննարկվում է այն հարցը, որ միշտ ասում ենք, թե հերոսներ չունենք, առաջնորդներ չունենք, դրա համար ենք այս վիճակում հայտնվել: Հիմա գալիս են Հայաստան առաջնորդները, հերոսները, արդյոք կարողանո՞ւմ են իրավիճակը փոխել»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ալտերնատիվ պատմություն Հայոցը» այսպես ներկայացրեց նորատիպ գրքի հեղինակը:

Ինչ վերաբերվում է երրորդ ստեղծագործությանը, այս մասին էլ նշեց. «Սա էլ վերաբերվում է այն շրջանին, երբ ձեւավորվում է հայ ժողովուրդը, այսինքն՝ Ուրարտուի շրջանին: Սրանք են եւ մի քանի փոքրիկ գործ է, մի հեքիաթ է, մի հուշագրություն: Վերջինում խոսվում է այն մասին, թե ինչպես է աշխատում մանիպուլյացիայի մեխանիզմը»:

«Երեւանը Տիգրանի դարաշրջանում» կտորը հեղինակի վաղամեռիկ ընկեր, քաղաքագետ եւ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ անցկացրած օրերի մասին է: Ենոքյանի բնորոշմամբ, Տիգրան Հայրապետյանը կարողանում էր իր շուրջը ստեղծել այլընտրանքային Հայաստան, այլընտրանքային իրականություն:

Կարճ ասած, Աղասի Ենոքյանի գրքում ամեն ինչ էլ կա՝ ֆենթըզի, դետեկտիվ, անգամ գրքի ձեւավորումն է յուրահատուկ՝ Մեսրոպ Մաշտոցը ֆրակով է, իսկ հերոսներից Բաբա Յագան դժոխքի մարքեթինգի տնօրենն է:

Հարցրինք՝ իր հերոսների, օրինակ` Բաբա Յագայի նախատիպերը Հայաստանում կա՞ն: «Բաբա Յագայի նախատիպը ռուսական գրականությունում է: Դրանց հիմնական մասը որոշակի բարոյական գաղափարներ, առաջնահերթություններ ընդգծելու համար է»,- ժպտում է մեր զրուցակիցը:

Իսկ թե որն է «Ալտերնատիվ պատմություն Հայոց» գրքի գլխավոր ուղերձը, այս մասին էլ հավելում է. «Ուղերձը կիսատ է մնացել: Հիմնական ուղերձն այն է, որ մեր խնդիրներն այսօր առաջացել են բարոյական ճգնաժամից: Եվ կա երկրորդ մասը, որն այստեղ արտացոլված չէ, դա մեր անկրթության պատճառով է, խնդիրները մեր կրթական ճգնաժամից են առաջացել: Հայաստանի հիմնախնդիրները նախ եւ առաջ այս երկուսն են, ոչ թե Ալիեւը կամ Էրդողանը»:

Աղասի Ենոքյանն ասաց, որ գիրքը շարունակություն կունենա, քանի որ առաջին գրքով ասելիքը դեռ չի ավարտվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930