Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախցիները խնդիրներ են առաջ քաշում, որ բուժհաստատությունների մի մասը չեն մատուցում որոշ ծառայություններ, կոնկրետ հրահա՞նգ եք տվել»․ Արմենուհի Կյուրեղյան

Նոյեմբեր 06,2023 12:22

Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում օգտվում են թե ամբուլատոր, եւ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց, թե առողջապահության նախարարությունը արցախցիներին սպասարկելու ուղղությամբ բժշկական կազմակերպություններին կոնկրետ հրահանգներ տվե՞լ է, ի՞նչ հրահանգեր են տրվել, ինչպիսի՞ աջակցություն է տրամադրվում արցախցիներին։ Նա անդրադարձավ ահազանգերին, ասաց, որ մարդիկ խնդիրներ են առաջ քաշում, որ բուժհաստատությունների մի մասը արցախցիներին չեն մատուցում որոշ ծառայություններ, ասում են, որ իրենք նման հանձնարարական չունեն։

Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով։ Նրանք կառավարության 318 որոշմամբ սահմանված շահառուների խումբ են հանդիսանում եւ օգտվում են ՀՀ-ում թե ամբուլատոր, եւ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից։ Այսինքն՝ ծառայությունների ամենալայն շրջանակը, որը հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է նաեւ իրենց համար։ Այստեղ հրահանգների որեւէ թեմա չկա, եւ ֆինանսավորումն իրականացվում է դեպքերի տրամաբանությամբ։ Այսինքն՝ կլինի ծառայություն ստացող, ապա բժշկական կենտրոնը տվյալ ծառայության համար կստանա փոխհատուցում։ Ամբուլատոր հատվածում ֆինանսավորման տրամաբանությունը մի փոքր այլ է, այս պահին մենք ունենք արդեն 50 հազարից ավելի կցագրված հայրենակիցներ, մեզ համար կարեւոր է արագ ընդգրկել նրանց բնականոն ծառայություններ ստանալու շղթայի մեջ»։

Կյուրեղյանը նաեւ հարցրեց Անահիտ Ավանեսյանին․ «Որեւէ քննարկում ունեցե՞լ եք Արցախի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ, նրանք ներկայացրե՞լ են Արցախի առողջապահության ոլորտի խնդիրները, եւ դրանք ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծում հաշվի առնվել են, թե՞ ոչ»։

Առողջապահության նախարարն ասաց, որ այդ խնդիրներին նոր չէ որ պետք է ծանոթանան։ «Մենք մշտապես շատ սերտ համագործակցել ենք եւ աշխատել ենք մեր գործընկերների հետ՝ թե հիվանդացության, թե դեղորայքային ապահովվածության, թե նրանց բժշկական օգնության կազմակերպման մասով։ Եվ կարծում եմ՝ մեր կողմից հրատապ նախաձեռնված այս որոշումները չափազանց կարեւոր էին, որ մեր քաղաքացիներն իրենց առողջապահական կարիքները բավարարելու մասով որեւէ ընդհատում չունենան։ Մենք հենց սահմանային կետից սկսած՝ նրանց տրամադրել ենք թե բուժօգնությունը, թե շտապ օգնության ծառայությունը 24 ժամ եղել է ծառայության եւ թե արդեն տեղում հիվանդանոցային ու ամբուլատոր ծառայությունն ամբողջ ծավալով մատուցվել է» ,- ասաց Ավանեսյանը։

Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ այսպիսով՝ ուզում է արցախցիների համար եւս մեկ անգամ արձանագրել՝ կառավարության 318 որոշումը գործում է բոլոր արցախցիների համար, եւ բժշկական ծառայություն մատուցող որեւէ կազմակերպություն չի կարող մերժել Արցախից բռնի տեղահանված անձանց բուժօգնություն տրամադրել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930