Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2024-ին առողջապահության ապահովագրությանը կուղղվի 18 մլրդ դրամ, ըստ Անահիտ Ավանեսյանի՝ «առաջին անգամ գները հաշվարկվելու են՝ ելնելով իրատեսական ծախսերից»

Նոյեմբեր 06,2023 11:04

2024 թվականի բյուջեի նախագծով 18 մլրդ դրամ է հատկացված առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրմանը, որը տարվա կեսից կուղղվի այդ ծրագրին։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2024 թվականին առողջապահության հատկացված պետական բյուջեն բաղկացած է երկու հատվածից, առաջին հատվածը դա մեր պետական պատվերի, կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներն են։ Եվ արդեն իսկ ունենք 18 մլրդ դրամ հատկացված գումարը, որը տարվա կեսից կուղղվի ապահովագրական համակարգի ներդրմանը։ 2023 թվականի փետրվարի 2-ին կառավարությունը հավանություն է տվել ապահովագրական համակարգի հայեցակարգին, որը բավական ծավալուն, բայց նաեւ շատ հստակ սկզբունքներ, մոդել, կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Շուտով կունենանք նաեւ օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։

Ըստ նրա՝ սա բավական մեծ բարեփոխում է, եւ կարիք կա դրա շուրջ երկար քննարկումներ անել։ «Առաջին անգամ մեր երկրում առողջապահական ծառայությունների համար գները հաշվարկվելու են՝ ելնելով իրատեսական, ծառայությունների մեջ մտնող ամեն հատվածի վերաբերյալ ծախսերի հաշվարկից։ Եվ դրա արդյունքում արդեն կձեւավորվի ընդհանուր փաթեթի արժեքը։ Սա շատ լուրջ փոփոխություն է, որովհետեւ տարիների ընթացքում գնային փոփոխությունները շատ հատվածական են իրականացվել եւ ավելի շատ հիմնված են եղել առկա միջոցների եւ հնարավորությունների վրա, բաշխվել են ըստ առաջնահերթությունների եւ հնարավորինս ուղղված են եղել բավարարելու այն հիմնարար կարիքները, որոնք մեր բնակչությունն ունի։ Այսինքն՝ այս երեք ուղղությունների հաշվարկներն արդեն իսկ ավարտական փուլում են, պատրաստ են, եւ օրենսդրական քննարկումների ընթացքում մենք դրանք եւս ձեզ կներկայացնենք»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ սկզբում պետք է հասկանան՝ ինչ մոդել է ներդրվում, հետո հասկանան՝ ինչն են ֆինանսավորելու։ «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ այն ներդրումները, որոնք անելու ենք առողջապահության ոլորտում, դրական ազդեցություն են ունենալու։ Այսինքն՝ այն փողը, որը մենք կծախսենք, ի վերջո մեր երկրի համար դրական արդյունք կունենա։ Հետեւաբար, այս կասկած չունենք, որ այդ ծախսերն արդարացված են»,- հավելեց ֆինանսների նախարարը։

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զելնալյանը մանրամասնեց, որ առողջապահության ապահովագրության ներդրումը նախատեսվում է 2024 թվականի կեսից եւ շարունակվելու է մինչեւ 2026 թվականը։ «Այսինքն՝ ամբողջական ներդրումն իրականացվելու է 2026 թվականից, եւ այդ ծախսերը միջնաժամկետ ծրագրի շրջանակներում հաշվարկված ու պլանավորված են։ Մեր նպատակն է հանրությանը տրամադրել միանման, որակյալ, հասանելի ու հուսալի բժշկական ծառայություն»,- ասաց Զեյնալյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930