Սկիզբը՝ այստեղ:
14.Եվրոպական գրականությունը՝ թումանյաներեն
Սոնան մարզասրահի աբոնեմենտ ունի, բայց քանի որ ինքը մարզվելու ժամանակ չունի, առաջարկեց իր փոխարեն մարզուների հաճախեմ: Ուսանողական տարիներին Տերյան 44 հանրակացարանային շենքի տանիքի տակ կուլտուրիզմի ակումբ էի բացել, ծանրաձող, գանտելներ, այլ գործիքներ ու հարմարություններ էի ստեղծել ու հինգ հոգով մարզվում էինք: Կուլտուրիզմ-բոդիբիլդինգի լեհական ամսագիր էի բաժանորդագրվել: Մեկ տարի մարզումներից հետո Լեհաստանից կուլտուրիստների մրցումներին մասնակցելու հրավեր ստացա: Սակայն պրոտեին չստանալու պատճառով մեր մկանները այն չափերը չունեին, որ մրցակից լինեինք եվրոպացի կուլտուրիստներին, էլ չեմ ասում ամերիկացիների մասին, որոնք ինչքան ուզում, այնքան փչվում էին: Սակայն ուժի տեսանկյունից գոհ էի արդյունքից: Երեսուն անգամ ձգվում էի պտտաձողից, աջ ձեռքով ձգվում էի երկու անգամ, սակայն Լեհաստան չգնացի, փոխարենը Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում բոդիբիլդինգի խումբ ստեղծեցի եւ հասարակական կարգով պարապում էի: Այնպես որ, մարզվելու որոշակի փորձ ունեի:
Ահա բոդիբիլդինգի սրահներում ամեն տեսակի սարքերի շարքեր կային, որտեղ կարող ես ցանկացած մկան մարզել կամ ուռցնել: Սակայն իմ տարիքում սկսեմ երիտասարդների հետ ծանրություններ բարձրացնել, ոչ մի իմաստ չունի, ուստի եւ հրաժարվեցի մարզումներից:
Կարդացեք նաև
Վահեի հետ մայրուղով Սանտա Անիտա ենք սլանում: Իրանի հայերի «Սիփան» երիտասարդական կրթամշակութային կենտրոնն ամիսը երկու անգամ հնարավորություն է տալիս «Պարույր Սեւակ» գրական ակումբի անդամներին հավաքվել այստեղ եւ այս կամ այն գրողին նվիրված ընթերցումներ իրականացնել:
Թեհրանում ես 1996 թ. նույնանուն կենտրոնում հանդիպում էի ունեցել Թեհրանի հայության հետ: Հիշում եմ, մի մարդ բողոքեց, թե քանի տարի է՝ Հրանտ Մաթեւոսյանը ոչինչ չի գրում: Ես պատասխանեցի.
-Հովհաննես Թումանյանն էլ չի գրում, ուրեմն պիտի մերժե՞նք նրան:
-Բայց Թումանյանը վաղուց է մահացել:
-Այն, ինչ գրել է Հրանտը, հավանո՞ւմ եք:
-Այո…
-Հրանտը հրաբուխ էր, պայթեց, դուրս հորդաց, հանգչեց… նրա մոտ այլեւս այնպես բուռն չի հորդում, ինչպես առաջ էր, ուստի չի հրատարակում, -ասացի ես, -իսկ միայն հզոր գրողը կարող է նման բան անել:
-Այ հիմա հասկացա:
-Միայն թե կուսակցական մոտեցումները գրողների վրա մի՛ տարածեք:
Դահլիճը, որտեղ հիմնականում ՀՅԴ անդամներ են, ծափահարեց:
«Պարույր Սեւակ» գրական ակումբի այս հավաքը նվիրված էր Հովհաննես Թումանյանի թարգմանական գրականությանը: Ակումբի հիմնադիր եւ ղեկավար, վաստակաշատ մանկավարժ Հասմիկ Խաչատրյանը մինչ ընթերցումները սկսելը առաջարկեց ինձ պատմել իմ ծրագրի մասին: Ես խոսեցի այն անհաջողությունների, Սփյուռքում խորը ու վտանգավոր ճգնաժամի, սեփական մշակույթից, գրականությունից կտրվելու մասին:
Հետո սկսվեցին ընթերցումները: Ակումբի անդամներն իրենց հետ բերել էին Թումանյանի գրքերը: Երբեմն ընթերցում էին Թումանյանի թարգմանությունն ու Պուշկինի համապատասխան հատվածը, տեսնում, որ հայկական թարգմանությունը ոչնչով չի զիջում հեղինակին:
Ինձ հիացմունք պատճառեց տիկին Հասմիկի ու նրա համախոհների սերը դեպի գիրն ու գրականությունը, դեպի հայերենը: Թվայնացման ու սոցցանցերի այս ժամանակաշրջանում դա հատուկ նվիրաբերում է պահանջում, որին պատրաստ են տիկին Հասմիկն ու ակումբի անդամները: Ապա սրահը լցվեց Մեծ պոետի հայատառ շնչով վերակերտված Պուշկինի, Լերմոնտովի, Բլոկի, Գյոթեի, Շիլլերի, Հայնեի, Թոմաս Հուդի ստեծագործություններով: Յուրաքանչյուրը բերել էր իր նախընտրած հեղինակին ու մատուցում էր յուրովի՝ ապրելով այդ պոետի ու Թումանյանի շնչով:
Ընթերցումների ու քննարկման ավարտից հետո սեղանին հայտնվեցին հայկական քաղցրավենիքը, գինին ու սուրճը:
«Արեւմտյան Հայաստանը մինչեւ 1915 թ. լուսանկարներում», ինչպես եւ «Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի նորահայտ ամրոցները» ցուցահանդեսները ՀՅԴ երիտասարդական կենտրոնից հավաքեցի, ու թվում էր, թե ամեն ինչ իր հունով է գնում, սակայն տանը անզգուշությամբ յոդի սրվակը շրջեցի, ու պարունակությունը ցփնվեց պատին, շրջապատի իրերին: Ինձ մնում էր շտապ հեռանալ այս երկրից: Միեւնույն է, Վաշինգտոնից ո՛չ Արցախի ներկայացուցիչը, ո՛չ էլ հայ եկեղեցու Արեւեյան թեմի առաջնորդարանը կամ Հայ բարեգործականը լռում էին, այսինքն, չէին ընդառաջում: Ես այժմ չեմ էլ մեղադրում նրանց, որովհետեւ իմ այս ծրագիրը ժամանակավրեպ է: Դստերս պետք է ասեմ այս մասին, ու ձգտենք փոփոխենք թռիչքի օրը: Սակայն թռիչքի օրվա փոփոխությունը կարող է իրականացնել միայն իմ թռիչքը կազմակերպողը, այսինքն՝ երեւանյան «Արենի» տուրիստական գրասենյակը:
Սոնան ասես թե հասկանալով ներեց ինձ ու քիչ անց մեծ վրձինը ձեռքին բնակարան մտավ եւ սկսեց սպիտակով ներկել պատը: Հետո նայում էինք ու հիանում նրա անմիջական կողմնորոշմամբ:
Վաղը Խաչիկի պատկերասրահում տեղի կունենա նոր ցուցահանդեսի բացումը:
Սոնան նոր անակնկալ մատուցեց՝ իմ համակարգչին փոխանցելով գլենդելյան ավտոմեքենաների առջեւի համարանիշների հայերեն գրությունները. «KOFEDR*», «KHSIARA», «ARTSAKH», «KHYTARAK», «PIZDEC», «BARILUS» «KYANNNKK» «GALISEM», «» …
-Ի՞նչ են ուզում ցույց տալ հայ վարորդները:
-Ինքնարտահայտման ձեւ է: Բա ինչպե՞ս կարող է նա երեւալ, առանձնանալ: Այլ հնար չունենալով՝ հայերեն որեւէ գրություն են պատվիրում: Համարանիշի թիվ փոխել չի թույլատրվում: Որեւէ գումար են վճարում…
-Մեկը հայհոյանք է գրել…
-Ճանապարհային ոստիկանները հայերեն չգիտեն, այլապես թույլ չէին տա:
-Ռուսերեն է…
Հայաստանում պատվերով թվեր են փոփոխում: Ինչքան շատ նույն թիվը կրկնվի, այնքան ինքը ունեւոր է երեւում: Հիշում եմ. մի գործարար իր եւ իր շրջապատի մարդկանց համարները ութ թվերի համարանիշներով ու նույն «Համեր» տիպի մեքենաներով սուլիչները միացրած՝ պտտվում էին քաղաքի փողոցներով: Ահա մենք ունեւորներս այսպես տարբերվում ենք ու բարձր ենք սովորական մահկանացուներից…Նրանք ամենեւին չէին հասկանում, որ դրանուվ մատնանշում են իրենց մտավոր թերզարգացվածությունը:
-Հայր, այստեղ էլ է այդպես…
-Իհարկե, հայերի մի հատվածը, այստեղ գալով, իր հետեւից քաշ տալով բերել է որպես մտածելակերպ նաեւ հայկական ռաբիսը…
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Գլենդելի կենտրոնը
«Առավոտ» օրաթերթ
04.11.2023