Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ դեպի Արեւմուտք, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ չգնալ առճակատման։ Սա գործնականում անհնար է»

Նոյեմբեր 06,2023 13:30

Ըստ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի՝ Հայաստանը երբ կարողանա հենվել Արեւմուտքի աջակցության վրա, նա իր հարաբերությունները կխզի Ռուսաստանի հետ, որովհետեւ այդ հարաբերություններն այս պահի դրությամբ ոչ մի օգուտ չեն տալիս երկրին։

«Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում այսօր մի իրավիճակ է հաստատվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ դեպի Արեւմուտք, բայց Ռուսաստանի հետ չգնալ առճակատման։ Իմ կարծիքով՝ սա գործնականում անհնար է»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը, այսպես պատասխանեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլին։

Ըստ նրա՝ սկսած 2018-ից, երբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կուսակցությունը եկան իշխանության, Հայաստանը սկսեց ձգտել դեպի Արեւմուտք։ Նիկոլ Փաշինյանն ուզում էր երկրում ժողովրդավարություն կառուցել, պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել մաֆիայի դեմ, նվազեցնել արտաքին ազդեցությունը տնտեսության մեջ եւ կարգուկանոն հաստատել երկրի ներսում. «Սակայն Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարում էր, որ մեր անվտանգության համար մենք կշարունակենք համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Նա միշտ ասել է, որ կապված անվտանգության հետ՝ ՌԴ-ն լավ գործընկեր է։ Բայց մյուս կողմից հայտարարել է, որ ուզում է ժողովրդավարություն կառուցել։ Իմ կարծիքով՝ սա հնարավոր չէ։ Եթե ՀՀ-ն ՌԴ-ի հետ է, չի կարող ակնկալել, որ ՌԴ-ն թույլ կտա կառուցել արդար, ժողովրդավարական հասարակություն, քանի որ ժողովրդավարական հասարակություն նշանակում է, որ  մարդիկ են որոշումները թելադրում։ Եվ եթե մարդիկ են թելադրում որոշումներ կառավարությանը, ոչ թե  կառավարությունը մարդկանց՝ ինչ անել, եւ եթե դու ժողովրդավարություն ես կառուցում, սա նշանակում է, որ եթե ՌԴ-ն չունի ազդեցություն Հայաստանի բնակչության վրա, քանի որ ՀՀ կառավարությունը լսում է իր ժողովրդին, հետեւաբար ՌԴ-ն կորցնում է իր իշխանությունը։ Դա ՌԴ-ի համար անընդունելի է»։

Փորձագետի կարծիքով՝ թեեւ ողջունելի է Նիկոլ Փաշինյանի՝ դեպի ԵՄ գնալու քաղաքականությունը, բայց դա անհնար է՝ ՌԴ-ի հետ կապերը խզելու միջոցով. պատճառը ՌԴ-ի զինված ուժերն են ՀՀ-ի տարածքում, ռուսական բազան. «Գյումրիում տեղակայված են ՌԴ-ի զինված ուժերը։ Նրանք կարող են երկու-երեք օրում ավելացնել այդ ուժերի թիվը։ Ռուսներն այդպես են վարվում ամենուր՝ օրինակ՝ Ղազախստանում. մեկ-երկու օրում այնտեղ մի քանի հազարի հասցրին իրենց ուժերը։ Սա եւս խնդիր է։ Ես վստահ եմ, որ այս ամենից բացի, ՌԴ-ն մեծ ենթակառուցվածքներ ունի եւ հնարավորություն  երկիրն ապակայունացնելու՝ օգտագործելով տարբեր մարդկանց, որոնք գործում են Հայաստանի տարածքում։ Շատ գործիքներ ունեն»։

Ըստ Կախա Գոգոլաշվիլիի՝ Հայաստանը շատ լավ կերպով փորձում է վերակողմնորոշել իր քաղաքականությունը դեպի Արեւմուտք եւ սպասում է, որ Արեւմուտքն ավելի ուժեղ կերպով կլինի ներգրավված. «Հայաստանին պետք է, որ Արեւմուտքն օգնի իրեն։ 2008-ին Վրաստանը ռուսական բազմահազարանոց բանակին դիմակայեց մի քանի օր։ Բայց Արեւմուտքը մեզ պաշտպանեց, ԱՄՆ-ն մեզ ուղարկեց հրթիռներ, զինտեխնիկա, նրանք ասացին, որ եթե ռուսները Թբիլիսին են ռմբակոծում, ուրեմն թող համարեն, որ իրենց հետ են պատերազմի մեջ։ Այն ժամանակ Արեւմուտքից այսպիսի ուղերձներ էին գալիս։ Այդ ժամանակ շատ լուրջ ռազմական եւ դիվանագիտական ներգրավվածություն կար Արեւմուտքի կողմից։ Հայաստանն այս պահին չի կարող այդպիսի աջակցության վրա հույս դնել։ Տեսանք, որ Ղարաբաղի պատերազմի ժամանակ Արեւմուտքը շատ բան չարեց։ Ինչ-որ ջանքեր Ֆրանսիան էր գործում, նա փորձում էր օգնել Հայաստանին։ Բայց հավաքական կերպով Արեւմուտքի կողմից ՀՀ-ն աջակցություն չստացավ։ Հայաստանն այսօր ուզում է հասնել մի իրավիճակի, երբ Արեւմուտքը քննարկի Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հարցը, համարի Հայաստանին իր մոտ գործընկերը եւ այլն, ինչը թույլ կտա պայքարել ՌԴ-ի դեմ։ Այ, երբ այս պահը գա, երբ Հայաստանը կարողանա հենվել Արեւմուտքի աջակցության վրա, Հայաստանն իր հարաբերությունները կխզի Ռուսաստանի հետ, որովհետեւ այդ հարաբերություններն այս պահի դրությամբ ոչ մի օգուտ չեն տալիս երկրին»։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930