Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարային դիաբետի վաղ ախտանշանները

Նոյեմբեր 06,2023 09:30

Ցանկացած հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելը մեծացնում է խնդրի հաղթահարման հնարավորությունները։ Շաքարային դիաբետը բացառություն չէ, և այս հիվանդության նախանշաններն իմանալը բարդություններից խուսափելու երաշխիքներից մեկն է։

2-րդ տիպի դիաբետի նախանշանները կարող են այնքան թույլ լինել, որ մարդն անգամ չկասկածի իր մոտ զարգացող հիվանդության մասին, 1-ին տիպի դիաբետի դեպքում դրանք ավելի արտահայտիչ են լինում և բավականին արագ են դրսևորվում՝ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթվա ընթացքում։

Շաքարային դիաբետի վաղ ախտանշանները

Դիաբետի երկու տեսակներն էլ ունեն այս տագնապալի ախտանշանները

Քաղցի զգացում և հոգնածություն․ օրգանիզմը սովորաբար ստացվող սնունդը գլյուկոզի է վերածում, որը մարմնի բջիջների կողմից օգտագործվում է էներգիա ստանալու համար։ Սակայն բջիջներն ինսուլինի կարիք ունեն գլյուկոզը յուրացնելու համար։ Եթե օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում կամ բջջիջներն ընդդիմանում են օրգանիզմի կողմից արտադրվող ինսուլինին, գլյուկոզը չի կարողանում ներթափանցել բջիջների մեջ, և մարդն էներգիայի կորուստ է զգում։ Այդ վիճակից մարդն անընդհատ քաղցի ու հոգնածության զգացում է ունենում։

Մարդն ավելի հաճախ է միզում և ուժեղ ծարավ է զգում․ միջին վիճակագրական մարդը 24 ժամվա ընթացքում միզում է 4-7 անգամ, սակայն դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ են ստիպված լինում օգտվելու պետքարանից, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով օրգանիզմը մեծացնում է միզարտադրության ծավալները՝ ինչն էլ ավելի մեծ քանակով հեղուկ է պահանջում։

Օրգանիզմի ջրազրկման արդյունքում առաջանում է բերանի չորություն և մաշկի քոր, մշուշոտ տեսողություն։

2-րդ տիպի դիաբետի ախտանշանները

Այս ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս այն բանից հետո, երբ օրգանիզմում գլյուկոզի մակարդակը բարձր է մնում երկար ժամանակ։

Սնկային վարակներ․ դրանք կարող են ախտահարել ինչպես դիաբետ ունեցող կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Խմորիչներն ու սնկերը սնվում են գլյուկոզով, և գլյուկոզի մեծ քանակությունը նպաստում է դրանց աճին։ Այդ վարակները բազմանում են հիմնականում ոտքերի և ձեռքերի մատների արանքում, կրծքի տակ, սեռական օրգանների շրջանում և այլն։

Վերքերի ու խոցերի դանդաղ ապաքինում․ ժամանակի ընթացքում շաքարի բարձր մակարդակն ազդում է արյան հոսքի վրա՝ առաջացնելով նյարդերի վնասվածքներ, ինչի պատճառով վերքերը դժվարությամբ են լավանում։

Ցավ և թմրածություն ոտքերի, ոտնաթաթերի շրջանում․ սա նյարդերի վնասվածքների ևս մեկ հետևանք է։

1-ին տիպի դիաբետի ախտանշանները

Քաշի անվերահսկելի կորուստ․ երբ օրգանիզմը դադարում է էներգիա ստանալ սննդից, սկսում է այրել մկաններն ու ճարպերը։ Մարդը սկսում է նիհարել՝ անգամ իր սննդակարգում փոփոխություններ չմտցնելով։

Սրտխառնոց ու փսխում․ երբ օրգանիզմը սկսում է այրել ճարպերը, կետոններ է արտադրում, որոնք կարող են կուտակվել արյան մեջ՝ հանգեցնելով կյանքի համար վտանգավոր վիճակի՝ դիաբետիկ կետոացիդոզի։ Կետոնները կարող են սրտխառնոցի առաջացման պատճառ դառնալ։

Հղիության դիաբետի ախտանշանները

Հղիության ընթացքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը սովորաբար ախտանշաններ չի առաջացնում, թերևս ծարավի զգացում ու հաճախամիզություն։

Դիաբետի բարդությունների մասին ահազանգող ախտանշանները

  • Վերքերի ու վնասվածքների դանդաղ ապաքինում,
  • մաշկի քոր սովորաբար սեռական օրգանների շրջանում,
  • հաճախակի կրկնվող սնկային վարակներ,
  • քաշի ավելացում,
  • պարանոցի, թևատակերի ու ցայլքի մաշկի մգացում,
  • ոտքերի ու ձեռքերի թմրածություն, ծակծկոց,
  • տեսողության վատացում,
  • սեռական անկարողություն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար․ հիշյալ ախտանշանները բժշկին դիմելու ցուցում են, իսկ շաքարային դիաբետի սքրինինգային հետազոտությունը՝ հիվանդության կանխարգելման ու վաղ հայտնաբերման երաշխիք։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930