Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես խոսելու տեղ չունի, որովհետև հենց ինքն է ժամանակին ողջունել Հայաստանում իշխանությունների դեմ բռնի, ապօրինի, ահաբեկչական ճանապարհով պայքարելու մեթոդները․ «ՉԻ»

Նոյեմբեր 05,2023 21:34

Առանձնակի դաժանության ստատուս

Իշխանությունները սա լավ են հասկանում, դրա համար քննադատության ցանկացած դրսևորում շատ ցավագին են ընդունում, շատերին էլ քրեականի տակ են գցում:

Ամենաթարմը իրավապաշտպան և Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Ավետիք Իշխանյանի դեպքն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել ս․թ․ սեպտեմբերի 19-ին արված ֆեյսբուքյան գրառումը:

«Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։

Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»,- գրել է Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանի դեմ քրեական գործ հարուցելու իրավական ասպեկտներին չենք անդրադառնա: Դա թողնենք իրավաբաններին: Բայց… այստեղ մի հատ չալաղաջ բայց կա: Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես խոսելու տեղ չունի, երբ խոսքը գնում է անթույլատրելի գրառումների, կոչերի, ելույթների մասին: Որովհետև հենց ինքն է ժամանակին ողջունել Հայաստանում իշխանությունների դեմ բռնի, ապօրինի, ահաբեկչական ճանապարհով պայքարելու մեթոդները:

Ճարահատյալ ահաբեկչության հետքերով

Չե՞ք հավատում, ահավասիկ, մի հատված նրա ելույթից, 2016 թվականի հուլիսի 23-ին, ՔՊ-ի հրավիրած հանրահավաքում, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ՊՊԾ գունդը, սպանվել էին ոստիկաններ:

«Ուզում եմ անդրադառնալ «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը: Առաջին իսկ վայրկյաններից իմ բոլոր գործողությունները միտված են եղել ապացուցելու, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները ահաբեկիչներ չեն: Անձամբ ճանաչելով Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Արեգ Կյուրեղյանին, էլի մարդկանց, ես կարող եմ ասել՝ նրանք հայրենասեր մարդիկ են, ովքեր արդեն հոգնել են ապօրինություններից, ընտրությունների շարունակական կեղծումներից, երկրի տնտեսության ու հոգևոր թալանից, երբ 20 տարի իշխանությունները մեզանից, մեր երեխաներից գողացել են մեր ապագայի նկատմամբ հավատը: Եվ այսօր զոհասեղանին դրված է հենց այդ հավատը: Այդ մարդիկ փորձում են շոկային ցնցման միջոցով ի վերջո վերակենդանացնել էն լավատեսությունը, որով հայ ժողովուրդը 1991 թվականին ձեռք բերեց պետականություն:

«Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց գործողություններով ստեղծել են անհրաժեշտություն, որ ժողովուրդը պատասխանի այդ հարցին. ե՞րբ է Սերժ Սարգսյանը հեռանալու իշխանությունից»:

Էս Նիկոլ Փաշինյանն է ասել: Ոչ թե դատապարտել է «Սասնա ծռերի» գործողությունները, որոնց արդյունքում մարդիկ են սպանվել, ոչ թե պահանջել է նրանց դատել, այլ ողջունել է, ասել է՝ ահաբեկիչ չեն, լավ մարդիկ են, այդ քայլին են գնացել, որովհետև հոգնել են իշխանությունների ղալաթներից և ուզում են լավատեսություն ներշնչել ժողովրդին:

Անցել են տարիներ, այս Փաշինյանը իշխանության է եկել և ստատուսի համար մարդ են դատում: Ավետիք Իշխանյանը ոչ զենքը ձեռքին ոստիկանության բաժանմունք է գրավել, ոչ մարդ է սպանել, այլ ընդամենը որակումներ է տվել իշխանություններին: Մենք ասում ենք ընդամենը՝ համեմատության մեջ դնելով «Սասնա ծռերի» գործողությունների հետ: Այն գործողությունների, որոնք Նիկոլ Փաշինյանը համարում էր ճարահատյալ քայլ: Է, բա մի հատ հարցրեք Ավետիք Իշխանյանին, կարող է նա էլ հոգնել է ձեզանից, կարող է մտածում է, որ իրենից գողացել եք հավատը երկրի ապագայի հանդեպ, միգուցե նման ստատուսով ճարահատյալ փորձել է վերակենդանացնել «էն լավատեսությունը, որով հայ ժողովուրդը 1991 թվականին ձեռք բերեց պետականություն»:

Մի ալարեք, հարցրեք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել