Մշակութային տարվա, թերեւս, ամենագեղեցիկ իրադարձությունը Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան էր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) մատուցմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Օպերայի համերգային կատարումը կայացավ նոյեմբերի 3-ին ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի բնորոշմամբ, այս օպերան Վերդիի ամենանուրբ ու բացառիկ ստեղծագործություններից է: Ինքն էլ ինչպես միշտ բծախնդրությամբ է աշխատել յուրաքանչյուր դետալի վրա:
Մաեստրոն Մոսկվայի Բոլշոյ թատրոնում քանիցս ղեկավարել է «Պարահանդես-դիմակահանդեսը» ՝ հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի շքեղ բեմադրությամբ: Ի դեպ, նա Բոլշոյում պարբերաբար ղեկավարում է նաեւ Պուչչինիի «Տոսկա» եւ Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերաները: Եվ ինչպես Էդուարդ Թոփչյանի, այնպես էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անունները վաղուց ասոցացվում են բարձրակարգ երաժշտության եւ հատընտիր ստեղծագործությունների հեղինակային մեկնաբանության հետ:
Կարդացեք նաև
Գլխավոր դերերգերով եւ Հայաստանում առաջին անգամ հանդես եկան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտեն (տենոր), Բոգդան Բաչուն (բարիտոն), Եվգենիա Մուրավյովան (սոպրանո), Յուլիա Մեննիբաեւան (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովան (սոպրանո), մնացած դերերի դերակատարներն էին՝ Աշոտ Ղանթարջյանը (բաս), Հովհաննես Ներսեսյանը (բաս), Հայկ Տիգրանյանը (բաս), Արամո Մամիկոնյանը (տենոր) եւ Ալեն Մանուկյան (տենոր):
Մասնակցում էին նաեւ Հայաստանի ազգային-ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):
Ինչպես եւ սպասվում էր, հայաստանյան «Պարահանդես-դիմակահանդեսը›› վերածվեց օպերային հրաշալի տոնախմբության: Ուկնդիրները հոտնկայս ծափահարություններով ու բացականչություններով վարձահատույց եղան գեղագիտական գերագույն բավականության համար: Շատերը դիմակներով էին ու յուրովի մաս էին կազմում գեղեցիկ երեկոյի: Տնօրենի օթյակից հոտնկայս ծափահարում էր նաեւ հայկական մշակույթի նահապետներից՝ Հովհաննես Չեքիջյանը: Դահլիճում մեծ թիվ էին կազմում նաեւ օտարերկրացիները՝ միշտ չէ, որ կարող է բախտ վիճակվել ներկա գտնվել նման փառահեղ համերգային երեկոյի:
Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդեսը›› , Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի վերջին ակորդն էր: Ֆիլհարմոնիկը, սակայն, այժմ նոր առաքելություն ունի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական համերգաշարով աշխարհի ամենահայտնի բեմերում ներկայացնել հանճարեղ կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի եւ ՀԱՖՆ ֆեյսբուքյան էջից