Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Ձերդ Սրբության գահակալության տարիների ընթացքին մեր Եկեղեցին ապրեց նոր վերելքներ, հոգևոր-կրթական, եկեղեցաշինության և հոգևոր-հովվական ասպարեզներում: Ձեր շնորհիվ վեր խոյացան բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զանգերի ղողանջները դարձան անլռելի հրավերներ մեր ժողովրդի հոգևոր զարթոնքին: Հայրապետական անդադրում զգաստացուցիչ պատգամներով հեռատեսորեն մխիթարեցիք տառապեալ հայ ժողովուրդի զավակներին՝ առաջնորդելով նրանց հայրենասիրության ու հայրենատիրության և ուղեկցելով դժվարին ու տագնապալի փոթորկալից ուղիներում:
Կարդացեք նաև
…Վեհափառ Տեր, կիրակնօրյա ավետարանական խորհրդով և հոգևոր ցնծությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբության օծման օրհնաբեր տոնը՝ աղոթք բարձրացնելով առ ամենակալն Աստված, որ Տերը ծաղկուն պահի հայրապետական Ձեր գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր Ձեր հոտին բազում տարիներ»։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 24-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ներկա հոգևորականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա անսասան գահակալության համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ