Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ-երկու արկի դիմացան գմբեթները, տասը արկ կգցեն ու վերջում կծակեն»․Մհեր Հակոբյան

Նոյեմբեր 05,2023 18:50

«Պետությունն իր բացառիկ իրավունքը թերի է իրականացնում, ու հասարակության մեջ ստեղծվել է խումբ, որը զուգահեռ պետության ֆունկցիա է իրականացնում։ Դա աբսուրդ է։ Պետության գործառույթն է պաշտպանությունը։ Հիմա պետությունը դա նորմալ չի իրականացնում, մասնավորն է վերցրել է իր ձեռքը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության՝ գմբեթների կառուցման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

ՈՄԱ-ն դրամահավաքի միջոցով սահմանային մարզերում երկրորդ եւ երրորդ պաշտպանական գոտիներում փայտահողային պաշտպանական կետեր՝ գմբեթներ է կառուցում։ ՊՆ-ն վստահեցրել է, «ՈՄԱ»-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում«ՀՀ ԶՈՒ սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է եւ այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»։   

Մհեր Հակոբյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ մեզ վրա չի հարձակվում ինչ-որ հանցավոր խմբավորում, պետություն է հարձակվում, եւ ուրեմն պետք է դիմադրել պետական միջոցներով եւ պետական մեխանիզմներով։

«ՈՄԱ-ի տղաներն ասում են՝ պետությունը չի անում, ես էլ Գորիսում եմ ապրում, բա ես անպաշտպան մնա՞մ։ Ես չեմ ասում, որ ՈՄԱ-ն վատ բան է անում, ես ասում եմ, որ վատ է, որ ՈՄԱ-ն է ստիպված անում, քանի պետությունը չի անում։ Եթե ՈՄԱ-ն ամենալավ ձեւով անի, դա էլի վատ է»,-ասում է Հակոբյանը։

Մհեր Հակոբյան

Նրա կարծիքով՝ դա պետական պաշտոնյայի գործն է, հասարակությունը հարկերի միջոցով նրան աշխատավարձ է վճարում, որպեսզի նա իրականացնի կազմակերպչական աշխատանքները․ «Այսինքն, մենք նրան աշխատավարձ ենք տալիս, բայց իր աշխատանքը մենք ենք անում։ Սա վիրավորական է նույնիսկ, էլ չասած, որ արդյունավետ չէ»։

ՊՆ-ն 168.am-ին հայտնել է, որ այս խնդրահարույց կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է:

Հակոբյանն ասում է՝ պաշտպանական ոլորտում գործ ունենք պետական եւ ռազմական գաղտնիքի հետ․«Հարգելի գմբեթ սարքողներ, ձեր այդ գմբեթների համակարգը ՀՀ պաշտպանական համակարգում ի՞նչ տեղ ունի, ներդաշնա՞կ է ՊՆ համակարգի հետ։ Եթե՝ այո, ուրեմն դուք մուտք եք ունեցել պետական  ու  ռազմական գաղտնիքին։ Դա վատ է, քանի որ ՈՄԱ-ում ամեն տեսակի մարդ էլ կարող է լինել, եւ այդ տեղեկությունը կարող է գնա հասնի  մեր թշնամիներին։ Եթե մուտք եք  ունեցել, ապա ինչո՞ւ պետական միջոցներով չեք անում  այդ ամենը։ Բայց մուտք չեն ունեցել  պետական գաղտնիքին։ Այսինքն, դու ՀՀ սահմանների պաշտպանության կոնցեպտին եւ ծրագրերին չես տիրապետում, դու դա ինչպե՞ս ես կառուցում։ Այսինքն, ՈՄԱ-ն կարող է մի բան է  անում, իսկ պետական ծրագրերում այլ բան է նախատեսված»։

Ռազմական փորձագետը նկատում է՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, գմբեթները մասնավոր տարածքներում են կառուցում, ինչը խնդրահարույց է․«Իսկ եթե մի օր մասնավորը գա ու ասի՝ քանդի, ես այդ տարածքում տուն պիտի կառուցեմ։ Քանդելո՞ւ են։ Քանի որ գմբեթներն այնպիսի համակարգ են, որ եթե մեկը քանդեն, մյուս չորսն անիմաստ են դառնում, արժեզրկվում են։ Օրինակ՝ թշնամին կարող է ճեղքի, առաջ գա ու թիկունք դուրս գա։  Եթե ես լինեի  ոլորտի ղեկավար, տեսնեի, որ  մասնավորը գմբեթներ է կառուցում, կասեի՝ տղերք, էս ի՞նչ եք անում, հանգստացեք»։

Հակոբյանն ասում է՝ Փաշինյանի իշխանության օրոք պետական մարմիններն այն աստիճանի ոչ համակարգված ու ոչ կոնցեպտուալ են աշխատում, որ կարծես ասեն՝ դե մենք մեր գործն արեցինք,  ժամը վեցն է, տուն ենք գնում, ՀԿ-ները թող աշխատեն․«ՀԿ-ներին տոն են տալիս այն հույսով, որ «չեպեի» ու բացառիկ  իրավիճակներում ՀԿ-ներն իրենց  սխալները կփակեն ու հաճախ փակում են, բայց մյուս կողմից էլ ՀԿ-ն արդյունավետությունը գցած գալիս մտնում է քո ոլորտ։ Մեր պետությունը ոլորտային կառավարումը փոխարինել է կիսապետական, կիսահկայական գործունեությամբ»։

Ռազմական փորձագետն ասում է՝ գմբեթների նպատակի եւ արդյունավետության վերաբերյալ շատ հարցեր կան։ Նա նկատում է՝ դա, ըստ էության, անշարժ կրակակետ է, արդյոք թշնամական կողմը չգիտի դրանց տեղերը, որովհետեւ  ժամանակակից պատերազմում անշարժ կրակակետերը խոցելի են լինում․«Լավ, մեկ-երկու արկի դիմացան, տասը արկ կգցեն ու վերջում կծակեն»։

Ինչո՞ւ է հասարակությունը ՀԿ-ին գումար փոխանցում այդ գմբեթների համար, փոխանակ պետությունից պահանջի, չի՞ վստահում պետությանը, այս հարցին ի պատասխան՝ փորձագետն ասում է՝ այո, հասարակությունը չի վստահում պետությանը, բայց շատերը գումարը տալիս են իրենց խղճի հանգստության համար․ «Այդ գումարը միջին խավի մարդիկ են փոխանցում՝ ուսուցիչ, ատամնաբույժ, ՏՏ ոլորտ։ Հասարակ գյուղացին չի տալիս, տեղյակ չէ, մեծահարուստին էլ չի հետաքրքրում, չի տալիս։ Միջին խավը զգում է,  որ Փաշինյանի կառավարումն  արդյունավետ չէ եւ վտանգի զգացում ունի, եւ երբ գալիս ասում են՝ գմբեթ ենք սարքում, երկու հազար դրամ տուր, այդ մարդը մտածում է՝ դե երեխայիս երեք պաղպաղակի գումարը փոխանցեմ ՈՄԱ-ին, հետո հանգիստ  քնում է, մտածելով, թե երկրի պաշտպանությունը դրանով ուժեղացրեց։ Դա ինքնախաբեություն է։ Ղարաբաղի պաշտպանական գծերը տեսանք՝ առանց կրակոցի հանձնեցին Ադրբեջանին։ Այդ գմբեթներն էլ այդպես կհանձնվեն, եթե չունես պետական պատշաճ կառավարում։ Այսինքն, պետության բացառիկ պատասխանատվությունն է ապահովել պաշտպանությունը, ոչ թե ՀԿ-ների»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եղբայր, մեկ նալին ես խփում մեկ մեխին ու տենց մի քանի անգամ։
    Իսկ ես քո նման երկար լոլոներ չեմ ասի, կոնկրետ կասեմ.
    ՈՄԱ-ն տեսնում է, որ այդ հարցով ՊՆ-ն մատը մատին չի խփում, ինքն իր կողմից անում է հնարավորը, դու էլ որպես ռազմական փորձագետ քո թիմով գնա ՊՆ-ին քո փորձով եւ գիտելիքներով նեղի, որ իրենք ավելի ամուր գմբեթներ սարքեն։ Ինչ? ես առաջարկում, եթե ՊՆ դա չի անում, ՈՄԱ-ն էլ ոչինչ չանի? ու դիրքերը տենց անպաշտպան մնան հա?։ Ասում ես պետք է ՊՆ-ին ստիպել, որ ինքն անի, դե նախաձեռնի, կազմակերպի, գործ արա, արդյունք ցույց տուր։ Իսկ եթե չես կարողանում դա անել, գնա ՈՄԱ-ին խորհուրդներ տուր որպես փորձագետ, օգնի, որպեսզի արվող գործն ավելի որակյալ ստացվի։

Պատասխանել