Լրահոս
Օրվա լրահոսը

Այն առաջարկները, որոնց իրագործման նպատակով Գեւորգ Ալթունյանը գործունեություն է իրականացրել, առնչվել են համակարգի որոշ անձանց կենսական շահերին. Սիրանուշ Սահակյան

Նոյեմբեր 05,2023 15:55

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետի՝ Գեւորգ Ալթունյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու դատարանի որոշումը պաշտպանական թիմը բողոքարկել է:

Հիշեցնենք, որ Ալթունյանն անցնում է ՊՆ-ից 106 մլն դրամի հափշտակության գործով:  

«Առաջին ատյանի դատարանը տնային կալանք էր կիրառել, սակայն վերաքննության  արդյունքում խափանման միջոցը փոխվել էր, կիրառվել կալանքը: Այս հարցը բողոքարկվել է վճռաբեկության կարգով եւ կախված, թե ինչ ելք կունենանք, մենք նաեւ հետամուտ ենք լինելու մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրավունքների պաշտպանությանը» – Aravot.am-ին ասաց Ալթունյանի պաշտպանական թիմից Սիրանուշ Սահակյանը: Պաշտպանական թիմում է նաեւ փաստաբան Գոռ Սաղոյանը:

Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ իր պաշտպանյալի արարքում բացակայում է  հիմնավոր կասկածը, բայց եթե նույնիսկ հիմնավոր կասկածը գոյություն ունենար, ապա ընտրված խափանման միջոցն անհամաչափ է. «Նախ տնային կալանքը կիրառելով՝ դատարանը գտել էր, որ քննության շահերը կարող էին համադրվել անձի շահերի հետ առանց արտակարգ միջամտության: Հետաքրքրական է, որ տնային  կալանքի շրջանակում անձի վարքագծային որեւէ խնդիր չի եղել, քննության որակը որեւէ կերպ չի տուժել, այդ գործընթացներին խոչընդոտող քայլեր չեն եղել, բայց այս ամենով հանդերձ, որը ի դեպ, շատ բացառիկ պրակտիկա է, վերաքննության ընթացքում ավելի խիստ խափանման միջոց է կիրառվել: Չնայած որ տնային կալանքի ժամանակ արդեն իսկ հավաքագրվել են փաստական տվյալներ, որ գործի քննությունը բնականոն կերպով է ընթանում եւ խոչընդոտներ չեն առաջանում: Մի գնահատական է տվել, որը նաեւ արժեհամակարգային խնդիր ու դատավորի կողմնակալությունը բացահայտող  գործոն է: Մասնավորապես՝ նախկին աշխատակիցների հետ ունեցած շփման ուժով կարող է  ազդեցություն ունենալ նրանց վարքի վրա, առհասարակ այս մոտեցումն անընդունելի է: Չեմ կարծում, որ նախկին պաշտոնատար անձն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ իր աշխատակիցների վրա, քան՝ գործող պաշտոնյաները, որոնք նաեւ կարող են կանգնած լինել այս քրեական հետապնդման հետեւում: Դատարանի այդ գնահատականները փաստազուրկ են, բայց ենթադրությունների հիման վրա անձը զրկված է ազատությունից»:

Մեղադրանքի շրջանակում Գեւորգ Ալթունյանին վերագրվող մեծ գումարների հափշտակության մասով Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այդ հարցով շատ հանգամանալից տեղեկատվություն են  առաջիկայում տրամադրելու հանրությանը, բայց նախաքննության այս փուլում զերծ կմնա մեկնաբանություններ տալուց. «Մեկ նախադասությամբ կարող եմ ասել, որ այն առաջարկները, որոնք  ներկայացվել են ու դրանց իրագործման նպատակով պարոն Ալթունյանը գործունեություն է իրականացրել, առնչվել են համակարգի որոշ անձանց կենսական շահերին, այստեղ որոշակի արատավոր երևույթներ պետք է վերացվեին ծրագրերի թվայնացման արդյունքում, ինչը օբյեկտիվություն պետք է բերեր բազմաթիվ գործընթացներում, իսկ  մենք տեղյակ ենք՝ կոռուպցիոն երեւույթները որքան տարածված են զորակոչի, մատակարարման եւ այլ ոլորտներում: Որպես փաստաբան՝ ես ինքս որոշակի պատճառահետեւանքային կապեր եմ տեսնում, բայց դրանց վերաբերյալ ավելի հանգամանալից մեկնաբանություն կտանք գործի քննության հետագա փուլերում»:

Փաստաբանն ասաց, որ Ալթունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բայց շատ մանրամասն ցուցմունք է տվել, ամեն կերպ աջակցում  է քննությանը, որ գործի հանգամանքներն օբյեկտիվ ու համալիր քննության արժանան. «Այստեղ որեւէ արարք հանցավոր չկա, չի կատարվել ու չէր կարող կատարված լինել, բայց հանգամանալից կերպով բոլոր հարցերի առնչությամբ ցուցմունքներ տրվել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930