Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքում գրառում անելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է: Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել:
Նախ՝ այն, որ Ավետիք Իշխանյանի նկատմամբ, ըստ պաշտոնական պարզաբանման, քրեական հետապնդում հարուցված չէ, ոչինչ չի փոխում: Նախաձեռնված քրեական վարույթն անխզելիորեն կապված է պարոն Իշխանյանի հետ. նրա` դեռևս սեպտեմբերի 19-ին արված գրառումն է դարձել քրեական ընթացակարգ սկսելու հիմք:
Այս վիճակն առավել խնդրահարույց է: Ստացվում է` գործ ունենք փաստացի քրեական հետապնդման հետ, երբ իրավապահ մարմնին հայտնի է անձը, ում նկատմամբ ցանկանում է իրականացնել հետապնդում, բայց նրան իրավական կարգավիճակ և իրավունքներից լիարժեք ծավալով օգտվելու հնարավորություն չտալու համար նախաձեռնվում է «անմեղ» քրեական վարույթ, իսկ իրականում տարվում է փաստացի հետապնդում` առանց իրավունքների:
Կարդացեք նաև
Մյուսը` մի հատ հաշվեք տեսնեմ օրական քանի հոգի է նմանատիպ կամ նույն արտահայտությունն անում սոցիալական ցանցերում, առավել ևս այլ միջավայրերում: Հարուցվե՞լ են քրեական հետապնդնդումներ կամ նախաձեռնվե՞լ են քրեական վարույթներ, թե՞ էլի խտրական է լինելու ու Քրեական օրենսգրքի այս հոդվածը գործելու է միայն իշխանությանը քննադատողների նկատմամբ:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը Հայաստանում կիրառություն ստացող արատավոր պրակտիկայի հետ միասին բացահայտ հակասահմանադրական է և էլի դառնում է պաշտոնյաների պահապան հոդված:
Ավետիք Իշխանյանն իր ողջ կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Մեղադրյալի կարգավիճակը և պարոն Իշխանյանը նույնքան անհամատեղելի են, որքան իրավունքի գերակայությունն ու հանուն պաշտոնի գոյատևող մարդը:
Քիչ առաջ կարդացի Ավետիք Իշխանյանի հայտարարությունը, որով նա արժանապատվորեն պահանջում է բոլոր լրատվամիջոցներից, որ իրեն վերաբերող այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեն և կարծիք չհարցնեն իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։ Իշխանյանն իր հայտարարությունն ավարտում է դիպուկ վերջաբանով.
«Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»:
Այստեղից հետևում է, որ Արցախ կորցրած հայրենասեր իրավապաշտպանը զգալով մեր երկրի քաղհասարակության և իրավապաշտպանների անտարբեր ու կրավորական պահվածքը, յուրովի ԴԻՄԱԿԱԶԵՐԾՄԱՆ նոր գործընթաց է ձեռնարկում:
Ակամայից հիշեցի Պարույր Սևակի հանճարեղ խոսքերը, որը այժմեական է նաև այսօրվա համար՝
Հանեցեք ձեր դիմակները,
Ճանաչեցեք ինքներըդ ձեզ
Վերջին անգամ,
Վերջից առաջ
Պարն ավարտվել
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցեք ձեր դիմակները:
Ուշացումի ամեն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարեն լրջանում է,
Որովհետև ինձ է տրված, դժբախտաբար,
Հիշեցնելու ձեզ վերստին ու վերջապես,
Որ ուշացած արթնացումը
Կնմանվի մի պայթյունի,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար: