«Հայաստան-Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Սանտա Բարբարայի Direct Relief կազմակերպության հետ համագործակցությամբ այս շաբաթ օդային փոխադրմամբ 486 հազար դոլարի հրատապ օգնություն է ուղարկել արցախահայերին:
Այս խիստ անհրաժեշտ և ժամանակին առաքումը ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, շտապ բժշկական օգնության փաթեթներ և հիգիենայի պարագաների բազմաթիվ ծանրոցներ: Առաքված օգնությունն օգտակար կլինի ավելի քան 100 հազար արցախահայերին, որոնք բռնի տեղահանվել են Արցախի իրենց տներից։
Տարիների ընթացքում Direct Relief կազմակերպությունը ՀԱՀ-ին նվիրաբերել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի կյանքեր փրկող դեղամիջոցներ, բժշկական պարագաներ ու սարքավորումներ Հայաստանի և Արցախի համար: Միայն այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Direct Relief-ը Հայաստանին նվիրաբերել է 27 միլիոն դոլարի խիստ անհրաժեշտ դեղամիջոցներ:
«Հայաստան-Արցախ հիմնադրամը» բարձր է գնահատում Direct Relief կազմակերպության հետ այս երկարամյա համագործակցությունը»,- ասաց ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը:
Կարդացեք նաև
Անցած 34 տարիների ընթացքում ՀԱՀ-ը Հայաստան և Արցախ է առաքել ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն՝ 158 օդանավերով և 2568 ծովային բեռնարկղերով:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ