Կախված պետության կառավարման ձևից՝ կրթական համակարգը տարբեր նպատակներ է հետապնդում: Ըստ ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնթեսքյոյի (1689-1755)՝ կառվարման երեք ձև կա՝ հանրապետական, միապետական և բռնապետական:
Մոնթեսքյոն նշում է, որ կրթությունն այս կառավարման երեք համակարգերից ամենահատկանշական դերը խաղում է հանրապետական մոդելով շարժվող երկրներում: Փիլիսոփան պնդում է, որ հանրապետություններում կրթության նպատակը քաղաքացուն առաքինությամբ դաստիարակելն է: «Առաքինություն» (virtue) բառին նա շատ կարճ և հստակ բացատրություն է տալիս: Դա սերն է դեպի երկիրը և օրենքները, իսկ այդ սերը պահանջում է անձնական շահերի ստորադասումը հանրային շահերին:
Հասկանալի է, որ առաքինի քաղաքացին սրտացավ է իր երկրի հանդեպ, պատրաստակամ է ծառայություններ մատուցել հանրությանը, ունակ է մասնակցել երկրի պաշտպանությանը, հայրենանվեր է և ոչ անտարբեր:
Ինչպես գիտենք, Հայաստանը, գոնե տեսականորեն, առաջնորդվում է հանրապետական սկզբունքներով, բայց արդյո՞ք մեր կրթական համակարգը դաստիարակել և դաստիարակում է առաքինի քաղաքացի: Եթե այդպես լիներ, դժվար թե արտագաղթի մեծածավալ ցուցանիշներ ունենայինք, դժվար թե Տիկ-տոկն ավելի արժևորվեր, քան լավ գիրքը, դժվար թե սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների առաջատար երկրների շարքում լինեինք, դժվար թե այլ երկրում ապրելը շատերի երազանքների/նպատակների շարքում լիներ և դժվար թե Արցախի շրջափակման և կորստի ընթացքում ընդհանուր անտարբերություն տիրեր, մի բան էլ ասեինք, որ «ղարաբաղցիները հենց սրան էլ արժանի էին»:
Ժողովրդավարական հանրապետություն ունենալու համար նախ պետք է ունենալ մտածող ժողովուրդ: Ժողովուրդ, որը որոշակի գիտելիքներ ունի պատմության, գրականության, բարոյագիտության, քաղաքագիտության և այլ գիտությունների մասին, որպեսզի կարողանա խելամտորեն իրացնել իր քաղաքացիական ֆունկցիաները: Այս հասակցողությամբ քաղաքացուն պետք է դաստիարակի դպրոցը, հետագայում նաև մտավորականությունը:
Հաճախ ենք լսում. «Մեզ ընտրել է ժողովուրդը»: Ժողովուրդը կարող է սխալվել իր ընտրության մեջ, եթե բավականաչափ կրթված չէ: Ինչպես ասել է Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսը․ «10.000 մարդու կարծիքն էական չէ եթե նրանցից ոչ մեկը գիտելիք չունի առարկայի մասին»:
Հայաստանը դեռևս ժողովրդավարական երկիր չէ: Չկեղծվող ընտրությունները բավական չեն երկիրը ժողովրդավարական համարելու համար:
Հայաստանը ժողովրդավարական կլինի այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա առաքինի քաղաքացի, այն է՝ կրթված հասարակություն, որի յուրաքանչյուր անդամ պատասխանատվությամբ է մոտենում իր քաղաքացիական ֆունկցիաներին, ազատորեն ձևավորում է իշխանություն, բայց նաև վերահսկողության տակ է պահում իր ընտրած իշխանությանը:
2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում: Խոստացվել է նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիա և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքով: Ո՞ւր են ժողովրդի (լայն զանգվածների) հարցապնդումներն իշխանությանը: Արդյո՞ք առողջ երևույթ է այն, որ իր քաղաքական ծրագրի կարևորագույն կետից ամբողջությամբ երես թեքած ուժը դեռևս իշխանություն է:
Թերևս եզրահանգումն այն է, որ մեր ժողովուրդն առայժմ պատրաստ չէ ժողովրդավարության: Առայժմ մեզ մոտ ֆեյսբուքապետական, լայքապետական և պոպուլիստական կարգեր են:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ