Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհն այսօր պատրաստ է մեզ աջակցել, որպեսզի արցախահայերը վերադառնան իրենց տները, բայց Փաշինյանն ու իշխանությունն արհամարհում են այդ հարցը»․ Օսկանյան

Նոյեմբեր 04,2023 18:05

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է իշխանության կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության խաչմերուկին»։

«Օրերս էլ լրահոսից իմացա, որ արտաքին գործերի նախարարն ասել է, որ շուտով լավ լուր կստանանք հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։ Հարց է ծագում, թե ինչի՞ հաշվին է լինելու այդ խաղաղությունը, ինչի՞ հաշվին է բացվելու հայ-թուրքական սահմանը։ Ի հաշիվ նրա, որ մենք Արցախը դատարկել ու սկուտեղի վրա նվիրել ենք Ադրբեջանի՞ն, ի հաշիվ նրա, որ միգուցե կտանք միջա՞նցք Ադրբեջանին ու Թուրքիային։ Միգուցե ի հաշիվ նրա, որ կվերադարձնենք անկլավնե՞րը, կհյուրընկալենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների՞, ի հաշիվ նրա, որ Սահմանադրությունից որոշ դրույթնե՞ր կփոխենք, որ Ցեղասպանությունը կմոռանա՞նք։ Մենք խաչմերուկ ենք, որովհետեւ չորս հարեւան ունենք, իսկ խաղաղության խաչմերուկ ենք ուզում լինել, որովհետեւ մուրում ենք խաղաղություն։ Միգուցե Ադրբեջանն ավելի՞ լավ խաղաղության խաչմերուկ կարող է լինել, Ադրբեջանը 5 հարեւան ունի, եւ դա լավագույն քննությունը կլինի, թե արդյոք նրանք խաղաղություն են ուզում, թե՞ ոչ։ Խաղաղության ամենամեծ գրավականն այսօր կլինի այն, եթե Ադրբեջանը համաձայնվի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները, իրենց հայրենիքը՝ միջազգային ինչ-որ երաշխիքներով, թեկուզեւ ինչ-որ աստիճանի ինքնավարությամբ, որպեսզի կարողանան իրենց անվտանգությունն ապահովել։ Այ դա կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ամենամեծ քննությունը, այ դա կարող էր լինել խաղաղության խաչմերուկ»,- ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով՝ այսօր մեր գլխավոր օրակարգային հարցը պետք է լինի արցախահայության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը։ Նա նշեց, որ միջազգային հանրությունն այսօր կողմ է դրան։ «44-օրյա պատերազմից հետո աշխարհն ասում էր, որ զենքի ուժով հնարավոր չէ այս հարցը լուծել եւ փակել, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ բաց է մնում, բայց Փաշինյանն ու իշխանությունն այնպես արեցին, որպեսզի այդ հարցը մոռացվի։ Եվ այսօր մենք կորցրեցիք Արցախը, դատարկեցինք, ուղղակի նվիրեցինք Ադրբեջանին, որովհետեւ արհամարհեցինք այդ կոչերը, գնացինք այլ ճանապարհով։ Աշխարհն այսօր պատրաստ է մեզ աջակցել, որպեսզի արցախահայությունը վերադառնա իրենց տները։ Նրանք միջազգային օրենքի շրջանակներում ունեն այդ իրավունքը։ Բայց այսօր արվում է նույնը՝ Փաշինյանն ու իշխանությունն ուղղակի արհամարհում են այդ հարցը, ուզում են ընդմիշտ փակել։ Ավելին, այսօր ինչ-որ նոր ալիբի են գտնել, որը շրջանառության մեջ է դրվել։ Այն է՝ եթե  հանկարծ մենք արցախահայության՝ իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանն իր քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու հարցն է դնելու։ Բայց սա արդեն անբարոյականության ու անմեղսունակության գագաթնակետն է։ Անբարոյականություն է, որովհետեւ Փաշինյանը եւ իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի է՝ ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցը քննարկում են եւ համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի մասին են համաձայնություն տվել։ Իսկ դիվանագիտական անմեղսունակություն է, եթե դու թույլ ես տալիս այդ երկուսի վերադարձի հարցը նույն հարթության վրա դնել»,- հավելեց նա։

Ըստ Օսկանյանի՝ արցախահայության՝ իրենց տներ վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ ընդամենը մեկ ամիս առաջ էթնիկ զտման հետեւանքով այդ մարդիկ դարձել են փախստական։ Նրանք իրավունք ունենք իրենց հայրենիք գնալ, որտեղ ապրել են հազարամյակներ եւ երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել, սովետական շրջանում էլ ունեցել են ինքնավար մարզ։ «Ի հեճուկս Փաշինյանի՝ այսօր արցախահայերի վերադարձի հարցը մենք պետք է կենդանի պահենք եւ փորձենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ գտնել, որպեսզի այդ հարցը դնենք միջազգային հանրության առաջ, որպեսզի այն չմոռացվի։ Մի քանի ամսից այս հարցն ընդհանրապես մոռացվելու է, դրա համար այդ հարցը պետք է դարձնել գլխավոր օրակարգային հարց։ Բայց ես հույս չունեմ, որ այս իշխանությունները կգնան այդ ճանապարհով։ Դրա համար մենք արցախցիների հետ պետք է մտածենք, ինստիտուցիոնալ միջոցներ գտնել, որ այդ հարցը միջազգային ուշադրության կենտրոնում պահել»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը։

Ըստ նրան՝ այսօր սկուտեղի վրա դրված է արդեն Հայաստանը։ «Այս խաղաղության խաչմերուկը դա է, սկուտեղի վրա դրել են, չգիտեն, թե ում տան։ Իմ հիմնական մտահոգությունը հետեւյալն է՝ շատ հավանական է, որ ոչ մի արցախցի էլ չկարողանա վերադառնալ իր հայրենիք, բայց ինչ-որ պահի մենք տեսնենք, որ անկլավներ ենք տվել Ադրբեջանին եւ հյուրընկալել ենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների։ Այս իշխանությունները շարունակում են ուղտի ականջում քնած մնալ։ Եթե այսքանից հետո այս իշխանությունները դեռ գոյատեւում են ու ղեկավարում են մեր երկիրը, չզարմանաք, որ տեղի ունենա ամենաանհավանականը, ամենաաներեւակայելին, որովհետեւ սրանք անմեղսունակ են եւ չգիտեն՝ ինչ են անում»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930