«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
-Պարոն Այվազյան, իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին հայտարարում են, որ Հայաստանի սահմանների երկայնքով կուտակումներ չկան, եւ որ Ադրբեջանը փոխել է հռետորաբանությունը։ Իրոք այդպե՞ս է, Ադրբեջանը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը։
-Ադրբեջանական հռետորաբանությունն իրոք փոխվել է՝ ավելի է կարծրացրել։ Ադրբեջանն ավելի պահանջատիրական դիրքերից է հանդես գալիս՝ ինքնավստահությամբ լի։ Այս անգամ արդեն անթաքույց սպառնալից բովանդակությամբ հայտարարություններ են արվում ներկայիս Հայաստանի Հանրապետության մասին՝ վիճարկելով ՀՀ ինքնիշխան, անվիճելի տարածքները։ Առաջին հերթին նկատի ունեմ Սյունիքը, Սեւանի ավազանը, Տավուշը, Արարատի մարզի հարավը եւ այլն։ Նրանք չեն թաքցնում դա, եւ դա է վկայում նաեւ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը կոնկրետ թիվ չի մատնանշում ՀՀ տարածքի հետ կապված։ Ադրբեջանն իրեն պատկերացնում է 114 հազար քկմ տարածքով, եւ Հայաստանի նկատմամբ ունի 19 200 քկմ տարածքային պահանջ։ Թյուրքալեզու պետությունների ղեկավարները վերջերս հավաքվել են Միջին Ասիայում եւ շնորհավորել են Ադրբեջանի ղեկավարին այսպես կոչված «հաղթանակի» կապակցությամբ։ Ադրբեջանը սպառնում է նաեւ, որ իբրեւ թե ադրբեջանցի այսպես կոչված «փախստականները» պետք է վերադառնան Հայաստան՝ դրանով Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հող նախապատրաստելով։ Չեն դադարում հայտարարությունները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Միաժամանակ, Ալիեւը փափուկ բարձ է դնում մարդկանց գլխի տակ՝ հայտարարություններ անելով Իրանի միջով ճանապարհ կառուցելու վերաբերյալ։ Այնինչ, այդ ճանապարհն արդեն գոյություն ունի։ Ադրբեջանի տարբեր մակարդակի չինովնիկներ՝ սկսած Ալիեւից, շեշտում են այսպես կոչված «անկլավների» հարցը, որոնց մասին չեն հոգնում խոսել նաեւ Հայաստանի պաշտոնյաները։ Պետք է հիշել, որ այսպես կոչված «անկլավների» հարցը «Զանգեզուրի միջանցքի» խոսույթի հետ զուգահեռ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի համար հող են նախապատրաստում։ Այդ «անկլավներով» ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ նոր է սկսվում, որովհետեւ այդ «անկլավները» կպահանջեն նաեւ բազմաթիվ միջանցքներ։ Եվ Ադրբեջանը կպահանջի արտատարածքային միջանցքներ։ Եթե իրենց այդ անհիմն ու անհեթեթ պահանջները չեն բավարարվի, Ադրբեջանը դա որպես առիթ կօգտագործի՝ ՀՀ դեմ նոր պատերազմ հրահրելու համար։ Իսկ եթե Ադրբեջանի պահանջները բավարարվեն, այլ առիթ կգտնի՝ դարձյալ պատերազմական գործողությունների դիմելու համար։
Կարդացեք նաև
Ուստի, հայկական իրականությունը շատ հեռու է «խաղաղության խաչմերուկ» կոչվելուց։ Հատկապես Արցախի դեմ կատարված գործողություններից հետո ներկայիս իրավիճակն ավելի շատ հիշեցնում է պատերազմների թատերաբեմ, եւ «խաղաղության խաչմերուկի» հեռանկար չունենք։ Մենք նաեւ լսեցինք Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը, որ առաջիկայում Ադրբեջանը հնարավոր է դիմի ռազմական ագրեսիայի։ Մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում ռուս-հայկական հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին։ Դա ստեղծում է այն մթնոլորտը, որ շատ հավանական է՝ Կրեմլը առնվազն չխոչընդոտի ադրբեջանական նկրտումների իրագործման փորձին, եթե չասենք, որ կարող է խրախուսել։ Գրանադայի ու Բրյուսելի հանդիպումները փաստացի տապալվեցին, քանի որ ադրբեջանական կողմը չներկայացավ։ Բայց Ադրբեջանի նկատմամբ որեւէ պատժամիջոց ու ճնշում չի կիրառվել, անգամ հիմա էլ արեւմտյան երկրները չեն խոսում այն մասին, որ եթե ագրեսիա կիրառվի Հայաստանի նկատմամբ, արդյոք նրանք կարձագանքե՞ն գոնե պատժամիջոցների ձեւով։ Խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, այսինքն՝ հաջողությամբ մոռանում են Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքները։
-Ի՞նչ պետք է անել՝ ձեր նշած մարտահրավերներին դիմակայելու համար։
-Հրատապ անհրաժեշտություն է մեր բոլորի ներուժը միավորել՝ Սփյուռքի, Հայաստանի բնակչության եւ Արցախից բռնի տեղահանված անձանց։ Անպայման պետք է ստեղծվի Արցախի վտարանդի կառավարությունը, որը կներկայացնի արցախցիների շահերը Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններում, եվրոպական կառույցներում, արտաքին հարթակներում։ Չպետք է թույլ տան, որ արցախցիները սփռվեն աշխարհով մեկ, եւ պետք է շարունակեն պայքարել իրենց ոտնահարված իրավունքների համար։ Արտաքին ասպարեզում շատ է խոսվում տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ ու միջազգային երաշխիքների առկայությամբ արցախցիների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հնարավորության մասին։ Այս պարագայում անփորինելի է Արցախի գործունակ վտարանդի կառավարության պահպանումը։
Էլ չեմ խոսում Արցախը լուծարելու որոշման մասին, որն ի սկզբանե ապօրինի է, խախտում է եւ Արցախի Սահմանադրությունը, եւ հանրաքվեով Արցախը որպես պետություն հռչակելու որոշումը։ Այսինքն՝ Արցախն իր ներկայացուցչական մարմիններով պետք է պահպանվի Հայաստանում։ Եթե Արցախի ղեկավարությունից որոշ մարդիկ ի վիճակի են այդպիսի գործառույթներ կատարել կամ իրենց վրա վերցնել պատասխանատվություն, ապա կարող են հրաժարական տալ, նոր ընտրություններ անցկացնել։ Նրանց ամենակարեւոր գործառույթներից մեկը պետք է լինի նաեւ թույլ չտալ ադրբեջանական կողմից միակողմանի շահարկել 1 մլն ադրբեջանցիների վերադարձի հարցը։
Շատերը նաեւ չնկատեցին, որ Ադրբեջանը պահանջում է, որ որպեսզի Հայաստանը փոխհատուցում վճարի այսպես կոչված «30-ամյա օկուպացիայի» եւ ադրբեջանցիների այսպես կոչված «ցեղասպանության» համար։ Այս հարցերի շուրջ պետք է աշխատել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ